Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն

19 Февраля, 2010 00:00
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է ապրում: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող որոշ զորավարժությունների ու միջոցառումների: Անդրադառնալով Կոսովոյում և Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների խաղաղարար առաքելություններին` պաշտպանության նախարարը ՀՀ-ի կողմից ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության և կայունության հաստատման գործողություններին մասնակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև որոշ տվյալներ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ՀՀ պաշտպանության նախարարությունում ներդրված քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը և դրա իրագործման միջոցները մանրամասնող պլանավորման և վերանայման գործընթացը հիանալի ուղեցույց են առաջիկա 5 տարիներին համատեղ ծրագրերի իրականացման համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться