ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարությունում

24 Февраля, 2010 00:00
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի ոլորտներում միջազգային փորձը ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին` նախարարը նշել է, որ հաստատվել է այս գործընթացի ռազմական բաղադրիչին առնչվող աշխատանքները կանոնակարգելու մասին հրահանգը, ինչը կնպաստի պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ և 4-րդ փուլերի իրականացմանը: Հանդիպման ավարտին փորձագետները ներկայացրել են Հայաստանում անցկացված քննարկումների ու հանդիպումների արդյունքները, վերանայման գործընթացի վերաբերյալ իրենց առաջարկությունները և գնահատականները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться