ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

27 Марта, 2010 00:00
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Ողջունելով հյուրերին` Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռ. Բրադտկեին ԱՄՆ համանախագահի պաշտոնում նրա ծավալած ակտիվ աշխատանքի համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Ս. Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները և սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ:

Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է: Շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների մասին խոսելիս Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները և նախկինում ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться