ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

20 Апреля, 2010 00:00

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծելով հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ։ Նշելով, որ վերջին տարիներն արդյունավետ են եղել հայ-չինական հարաբերությունների զարգացման և ամրապնդման առումով, մասնավորապես` ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում, Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը և բանակի ղեկավարությանը` առ այսօր Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին և չին ժողովրդին` օրերս Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ: Կողմերը քննարկել են նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться