Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը

20 Апреля, 2010 00:00
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2009թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել ու առաջադրվել են խնդիրներ 2010թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Խորհրդակցությունը, որին հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ, վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ ԶՈՒ-երի համար կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է, որն իրականացվում է զորակոչի շրջանակում: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը։ Հաշվետու զեկույցով նիստում հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2009թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2010թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին, գլխավոր շտաբի պետն ընդգծել է նախորդ զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Նշելով, որ ընդհանուր առմամբ առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովն անդրադարձել է զորակոչվածների թվաքանակին, նրանց կրթական մակարդակի վերլուծությանը, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային և շարային ծառայության զորակոչվողների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: Հորդորելով տարածքային զինվորական կոմիսարներին և բուժհանձնաժողովների անդամներին առավել հետևողական մոտեցում ցուցաբերել գործի նկատմամբ և գարնանային զորակոչն իրականացնել պատշաճ մակարդակով` Գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած և աչքի ընկած, ինչպես նաև որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները: Աշնանային զորակոչի ընթացքում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքներն են ներկայացրել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Պետրոսյանը և ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը: Բանախոսները ներկայացրել են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից լրացուցիչ հետազոտության ուղարկվածների վիճակագրական տվյալները, հիվանդությունների նվազման ու աճման վերլուծության արդյունքները, խոսել են հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, հավաքակայանում իրականացված անհրաժեշտ պատվաստումների և այլ թեմաների մասին: Զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են նաև երիտասարդների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառման հետ կապված խնդիրներ և այլ հարցեր։ Նիստի ընթացքում 2009թ. աշնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ, մարզպետներ, զինծառայողներ պարգևատրվել են ՊՆ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Խորհրդակցության ավարտին շնորհակալություն հայտնելով ներկաներին կարևորագույն խնդրի շուրջ կատարված համատեղ աշխատանքի համար, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով։ Ներկայացնելով զորակոչի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրապետության նախագահի տված ցուցումները, Սեյրան Օհանյանը նախանշել է նաև որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться