Հաղորդագրություն մամուլի համար

24 Апреля, 2010 00:00
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների խնդրանքով արձագանքել է նախօրեին Իլհամ Ալիևի կողմից արված հերթական ռազմատենչ հայտարարությանը` ասելով որ, փորձում ենք զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանել:

Մեր բանակն այսօր առավել քան մարտունակ է և պատրաստ է իր խնդիրը կատարելու ոչ միայն մեր երկրի պաշտպանության գործում, այլև կանխարգելիչ խնդիրների իրականացման հարցում: Նախարարը հավելել է նաև. «Պետք է հասկանանք հետևյալը, որ մեր առավելությունն Ադրբեջանի նկատմամբ կայանում է նրանում, որ մենք բոլոր գոյություն ունեցող խնդիրները, հակամարտությունները փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել: Կարծում եմ, որ այդ հայտարարությունները մշտական բնույթ են կրում, իրենք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, թե´ մեզ վրա, թե´ միջազգային հանրության վրա, բայց դա անհնարին է, որովհետև եթե Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խոսել հայ ժողովրդի հետ, ապա Ադրբեջանում ավելի վատ ու աղետալի վիճակ կստեղծվի, քանի որ գոյություն ունի նաև մեր երկրորդ առավելությունը` մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում»: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться