Զորակոչի գործընթացը մշտապես վերահսկվում է

25 Мая, 2010 00:00
Գարնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հարություն Քուշկյանն այցելեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նախքան շրջայցը նախարարները հանդիպեցին զինակոչիկներին: Բանակ զորակոչվող պատանիներից շատերը զրույցի ժամանակ ասացին, որ ծառայության են մեկնում մեծ ոգևորությամբ, հպարտությամբ և պարտքի կատարման բարձր գիտակցությամբ: Ս. Օհանյանը հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ և մասնագիտական ու կրթական ունակություններով: Զինակոչիկներին բարի ծառայություն և խաղաղ երկինք մաղթելուց հետո, երկու գերատեսչությունների ղեկավարները ծանոթացան բուժհանձնաժողովի աշխատանքներին:

Բուժզննման արդյունքներով զինակոչիկների շրջանում առողջական լուրջ գանգատներ և խնդիրներ չէին հայտնաբերվել: Բուժհանձնաժողովի մասնագետները ամենայն լրջությամբ և մանրազննին ստուգում են բանակ մեկնող յուրաքանչյուր երիտասարդի, կատարում են անհրաժեշտ բոլոր պատվաստումները` բացառելու համար վատառողջ զինակոչիկի մուտքը զինված ուժեր: Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ նախարարները նշեցին, որ տարեց տարի զորակոչի աշխատանքները որակապես բարելավվում են, հատկապես առաջընթացն ակնհայտ է կցագրման, հաշվառման և բուժզննման աշխատանքներում: Պաշտպանության նախարարը հավելեց, որ իրականում զորակոչի որակը բարելավվում է ոչ միայն այս ուղղությամբ. ակնառու է, որ «ՀՀ քաղաքացին տարեցտարի ավելի մեծ պատասխանատվությամբ եւ հպարտությամբ է իր որդուն ճանապարհում բանակ: Եվ բանակի նկատմամբ հասարակության վստահությունը, մեր կողմից ողջունելի է»,- ասաց Սեյրան Օհանյանը: Վերջինիս գնահատմամբ, ներկայումս զորակոչը գերակատարված է եւ, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին յուրաքանչյուր զորակոչը քանակային առումով գերազանցում է նախորդը: Հ. Քուշկյանը նշեց, որ նմանատիպ այցելությունները կրելու են ավանդական բնույթ, որի նպատակն է` զորակոչային եւ նախազորակոչային բուժզննումը իրականացնել բարձր որակով, իսկ կարիք լինելու դեպքում` տալ ճիշտ բուժում: «Պետք է առողջ ապրելակերպ քարոզենք` առողջ երիտասարդություն ունենալու համար, իսկ մենք էլ, որպես բժիշկներ, պետք է կատարենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները` երիտասարդներին հիվանդություններից հեռու պահելու համար», - ասաց առողջապահության նախարարը: Հավաքակայանում նախարարները հանդիպեցին նաև զինակոչիկների ծնողներին և հարազատներին, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться