ՀՀ ՊՆ ֆուտբոլային հավաքականը՝ հաղթող

14 Октября, 2010 00:00

Հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ–2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հաղթողի կոչումը վիճարկում էին ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության թիմերը:

Եզրափակիչ հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ և հյուրեր: ՊՆ թիմն ուներ ակհայտ խաղային առավելություն և խաղի սկզբին հարձակվող Կարեն Բադալյանը 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: Հինգ րոպե անց Կարեն Բադալյանը ամենաարագը կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում և երկրորդ անգամ գրավեց գլխավոր դատախազության թիմի դարպասը: Գլխավոր դատախազության թիմի ֆուտբոլիստները չկարողացան օգտագործել իրենց հնարավորությունները, որի արդյունքում առաջին խաղակեսի վերջում հաշիվը դարձավ 3:0: Ընդմիջման ժամանակ մարզադաշտում հավաքված բազմաթիվ հանդիսականների առջև իրենց հմտությունները ցուցադրեցին հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները: Մարզադաշտում տոնական բարձր տրամադրութուն էր ապահովում ՊՆ Սպայի տան «Զորակն» երգի համույթը: Երկրորդ խաղակեսի ընթացքում հաշիվը մնաց անփոփոխ և խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն արդեն երկրորդ անգամ ճանաչվեց «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի հաղթող: Խաղի ավարտից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթողներին հանձնեց գավաթը: Հաղթողները պարգևատրվեցին նաև հուշամեդալներով և մարզահագուստներով:
  • Поделиться