Պաշտպանության նախարարը մասնակցել է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը
31 Октября, 2017 18:56Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ նորաբաց ուսումնական կենտրոնը հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության վկայություններից մեկն է։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:
«Ռազմական գործում քիչ ոլորտներ կան, որտեղ մարդասիրությունն ու խաղաղասիրությունն այդքան սերտ համադրված են զինվորականության հետ, որքան խաղաղապահ գործունեության մեջ: Միջազգային հանրության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ խաղաղապահությունը դարձել է լրջագույն գործիք՝ ամենավտանգված տարածաշրջաններում ու աշխարհամասերում միջազգային հանրության կողմից օգնության ձեռք մեկնելու և համատեղ լուծումներ փնտրելու համար: Մենք հպարտ ենք որպես ժողովուրդ, որպես երկիր, որ արդեն մի քանի տարի մեր Զինված ուժերը ևս կարողանում են իրենց համեստ ներդրումը բերել խաղաղապահության միջազգային առաքելություններին»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն էլ շեշտել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության դրսևորումներից մեկն է` հավելելով, որ երկկողմ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է և պաշտպանական երկու կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը: «Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական զորամիավորումների ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կոսովոն և Լիբանանը, ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը: Այս կենտրոնի վերակառուցմամբ ԱՄՆ կառավարությունն իր նպաստն է բերում ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերին՝ ուղղված պատրաստականության մեծացմանը, ինչը տեսանելի ազդեցություն կունենա աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին աջակցելու Խաղաղապահ բրիգադի կարողությունների վրա»:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է եռահարկ մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի զինվորական կացարանների և ճաշարանի կառուցումը:
ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են կենտրոնի գազամատակարարումը, ջրամատակարարումը, էներգահամակարգի վերակառուցումը, կոյուղու և սեպտիկ հորի կառուցումը: