ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է խաղաղապահ բրիգադ
11 Октября, 2017 20:41Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսևորվեն նաև նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում ։
Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսևորվեն զինված ուժերի կարևորագույն ստորաբաժանումներից մեկի ծառայության կազմակերպման գործում:
«Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի և ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսևորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման հարցում»,-նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։