Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել

19 Сентября, 2017 15:29
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում
Play

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Շատ շնորհակալ եմ մեր այս քննարկման նկատմամբ ձեր հետաքրքրության համար, այստեղ ներկա լինելու համար: Գիտեմ, որ միաժամանակ մի քանի ուղղությամբ է քննարկումն ընթանում և ինձ համար շատ ուրախալի է, որ այսքան ներկայացուցչական խումբ ունենք այստեղ:

Մենք այսօր խոսելու ենք «Ազգ-բանակ» հայեցակարգի և դրա շուրջ մեր ջանքերը համադրելու, համախմբելու մասին և ես կուզեմ սկսել ելույթս մի քիչ ավելի լայն, միգուցե հայեցակարգային քննարկմամբ ձեզ հետ` թե ինչ է «Ազգ-բանակ»-ը, ինչ է առհասարակ բանակը մեզ համար, մեր ժողովրդի համար, մեր երկրի համար` հաշվի առնելով մեր առանձնահատկությունները:

Մեր ժողովուրդը եկել է դարերի խորքից և պետականության կորստի ցավը սրտներումս դարեր շարունակ երազել ենք մեր ազգային պետության մասին, մեր ինքնության, գաղափարների, հավատքի, լեզվի, մշակույթի, ավանդույթների համար նոր օրրան գտնելու մասին: Մենք անկախություն ենք փնտրել պառակտված մեր իշխանական տների հեռավոր լույսերում, անկախություն ենք երազել և երգել օսմանյան կայսրության ճիրաններում սեղմված, նույնիսկ Հայոց ցեղասպանության ամենադաժան օրերին, անկախության մասին ենք երազել և խոսել ստալինյան բռնատիրության դաժանագույն տարիներին, և երբ անկախությունը թակեց մեր դուռը, մեզ մի պահ թվաց, որ դա ի վերուստ տրված մի շնորհ է, որի համար մեր սերունդները պայքարել են, իսկ մենք եկել ենք վայելելու և ստանալու այդ անկախության և պետականության բերկրանքը: Բայց այդպես չի լինում: Ցավոք թե բարեբախտաբար, անկախությունը միշտ քննություն է հասունության, անձնազոհության, հետևողական աշխատանքի քննություն, և դարեր շարունակ պետականությունից զրկված, բայց հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի համար դա նաև ազգային ինքնությունը պետական ինստիտուտներին հարմարեցնելու քննություն է` արդյո՞ք ի վիճակի ենք դա անելու:

Ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլիներ մեր Հայաստանը, եթե մեր անկախությունը գար առանց նորօրյա հերոսամարտի: Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե կյանքը չպարտադրեր մեզ արագ հասունացում և ինքնուրույն որոշումներ կայացնելու խիզախություն: Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ` պարտադրելով պատասխանատվություն ստանձնել մեր ամեն խոսքի, ամեն գործի, ամեն քայլի համար: Շատ հնարավոր է, որ մենք այս պահին լինեինք մի քիչ ավելի ապահով, մի քիչ ավելի բարեկեցիկ, մի քիչ ավելի հանգիստ մեր վաղվա օրվա համար, անհոգ և անհոգս, բայց երևի թե նաև ավելի երազկոտ, միգուցե նաև` մանկամիտ: Բայց մեզ բաժին ընկավ արագ ինքնուրույնունանալու, արագ հասունանալու, արագ լրջանալու վիճակը, ինչպես կյանքը արագ մեծացնում ու հասունացնում է դժվար պայմաններում մեծացող երեխային:

Ինչպես ասել է գերմանացի մեծ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն` այն ամենն, ինչ չի սպանում մեզ, դարձնում է ավելի ամուր, ավելի ուժեղ: Հայաստանի Հանրապետությունն անկախության առաջին օրվանից կենաց-մահու կռիվ վարեց իր գոյության իրավունքի համար: Ով դեռ շարունակում է համարել կամ մտածել, որ կար, կամ այսօր կա անվտանգ Հայաստան, կամ այդպիսի Հայաստանի հնարավորություն առանց Արցախի անվտանգության ապահովման, ով համարում է, որ կա Հայաստանի անվտանգություն առանց Արցախի անվտանգության, իրարից անջատ, կամ մտածում է որ կա Հայաստանի Հանրապետության պետական սահման և արցախյան շփման գիծ, նա ուղղակի որևէ բան չի հասկանում ոչ մեր աշխարհագրությունից, ոչ էլ աշխարհաքաղաքականությունից:

Ի՞նչ է մեզ համար Հայաստանի Հանրապետությունը:

Այստեղ նստած մեր սփյուռքահայ քույրերից և եղբայրներից շատերի համար դա նույնիսկ իրենց տատերի և պապերի հեռավոր ծննդավայրը չէ: Ձեզանից շատերի համար պատմական Հայրենիքը այն կորսված Էրգիրն է, որտեղ մնացել են պապենական տներն ու վանքերը, հարազատ բնապատկերն ու տեղական ավանդույթները, մեր շեներն ու շիրիմները:

Եվ, ուրեմն, ի՞նչ է մեր` աշխարհի հայերիս համար Հայաստանը:

Կարծում եմ, դա առաջին հերթին մեր ինքնության պահպանման խարիսխն է և մեր ազգային ոգու շաղախը: Դա հայի տեսակի փարոսն է փոթորկված աշխարհում: Կարծում եմ, որ դրա ապացույցն է նաև այն, որ Հայաստան ժամանող ամեն սփյուռքահայ, իսկ հատկապես և առաջին հերթին` ամեն հայ երիտասարդ, անգամ արդեն լեզվին չտիրապետող, հայկական դպրոց չհաճախող երիտասարդ, խառն ամուսնությունից ծնված երիտասարդ, հեռանում է այստեղից մի նոր Հայրենիք գտած և սիրված հայրական օջախից հեռացող պանդուխտի թախիծով:

Ինչպե՞ս վերաբերվել Հայաստանին: Որպես ծնողի՞, որը մեզ` զավակներիս ուղղորդողն է և մինչև մեր հասունության հասնելը մեզ խնամողը, թե՞ որպես զավակի, ում հանդեպ մենք բոլորս ունենք պարտավորություն` կայունացնելու, կրթելու և մեծ կյանք ուղղորդելու:

Անշուշտ, մեր ազգի հազարամյա պատմությունը մեզ հիրավի դարձնում է հայորդի, այսինքն` պահում է զավակի կարգավիճակում: Բայց մեր նորօրյա պետականության երիտասարդ տարիքը, դրա շուրջ ձևավորված անբարենպաստ իրողությունները, տնտեսական և սոցիալական բարդությունները, հասարակական կյանքի ալեկոծումները թելադրում են մեզ վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը որպես զավակի, որի ինքնուրույն երթի համար բոլորս` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, չափազանց շատ անելիքներ ունենք:

Եվ այդ անելիքների առանցքում, կրկնեմ, ցավոք կամ բարեբախտաբար, մնում է ֆիզիկական անվտանգության պայքարին պատրաստ լինելու հրամայականը: Արդյունքի վրա կենտրոնացած լինելու, անհրաժեշտ միջոցներ, գիտելիքներ և հմտություններ ունենալու, մեր վառոդը միշտ չոր պահելու, բայց դրանց զուգահեռ՝ մեր ազգային ոգին և ինքնությունը ամրապնդելու հրամայականը: Եթե մենք չհաղթահարենք մեծ կայսրությունների մաս լինելու դարավոր մեր փորձով ձևավորված այն մտայնությունը, որ մեզ պետք է պաշտպանի ուրիշ որևէ մեկը, եթե չհաղթահարենք այն խաբկանքը, որ մեր տարածաշրջանում մեծ և հզոր ուժերի շահերի հավասարակշռության միջոցով ապահովվելու է մեր անհոգս գոյությունը, եթե անվիճելի իրականություն չհամարենք այն փաստը, որ հայրենիքի համար պետք է կռվել և պատրաստ լինել ամեն զրկանքի՝ մենք մի օր անպայման պարտվելու ենք: Մենք կարող է հաղթենք մարտի դաշտում և պարտվենք տնտեսության մեջ, կարող է հաղթենք տնտեսական առումով և կորցնենք մեր առանցքային սկզբունքները և առաջնորդող մեր գաղափարները: Մենք կարող ենք ունենալ տարբեր հաղթանակներ և կորուստներ, բայց եթե դրանք միասնական չլինեն՝ դրանցից յուրաքանչյուրը լինելու է պյուռոսյան հաղթանակ, որի տված արդյունքը անհամաչափ է դրա վրա դրված ջանքի հետ: Ուրեմն, մեր հրամայականը մեկն է. ամենից առաջ և ամենից վեր հոգ տանել մեր զավակի` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության, պաշտպանական ամրապնդման, պայքարի գաղափարական և սկզբունքային առանցքի ամրացման համար:

Այդպիսի անվտանգության առանցքն է հայոց բանակը: Մեր անկախության և պետականության ամենամեծ և ամենաարժանի ծնունդը: Մեր հպարտությունն ու մեր պաշտպանը, հայոց հերոսների արյամբ շաղախված հենասյունը:

Չինաստանում շուրջ 600 քաղաքացուց մեկը ծառայում է զինված ուժերում: Միացյալ Նահանգներում այդ թիվը մոտավորապես 450-ից մեկն է, Ռուսաստանի Դաշնությունում՝ 150-ից մեկը: Հայաստանի պարագայում յուրաքանչյուր 40-րդ քաղաքացին զինված ուժերի ծառայող է: Մենք առշունչ աշխարհի ամենամեծ թվով զինծառայող ունեցող երկրներից մեկն ենք: Մենք առաջիններից ենք աշխարհում պահեստազորում ընդգրկված մեր քաղաքացիների տոկոսային հարաբերակցությամբ և երևի թե առաջինը՝ նրանցից մարտական հերթապահության բարդ ուղին անցածների թվով:

Հենց այս իրողությունն է, որ մեզ արդեն՝ թվային առումով գոնե, դարձնում է Ազգ- բանակ: Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն կերպ առնչվում է զինվորական ծառայության խնդիրներին: Բայց 21-րդ դարում դա բավարար չէ, քանի որ այս դարը որակի, գաղափարի, արդյունավետության դար է: Այդ հանգամանքներն են պայմանավորում բանակի մարտունակության աստիճանը, և «Ազգ-բանակ» հայեցակարգը հենց դրա մասին է: Մեր բանակի հանդեպ աշխարհասփյուռ հայության խորը հարգանքի և վստահության, բանակում ծառայության նկատմամբ լրջագույն վերաբերմունքի, այդ ծառայության ընթացքում մարմնով և հոգով կոփվելու անհրաժեշտության, երկրի պաշտպանական համակարգում սեփական տեղը ճիշտ նախորոշելու, ռազմական գիտության և արտադրության հնարավորությունների ընդլայնման, հայրենիքի պաշտպանի նկատմամբ հասարակական ճիշտ վերաբերմունքի ձևավորման, հաշմանդամ զինծառայողի և զոհվածի ընտանիքի կողքին ազգովի կանգնելու, սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ՝ սահմանապահ համայնքների ամրապնդման ու ուժ տալու մասին է այս գաղափարախոսությունը:

Այդ համազգային միասնության մեջ բացառիկ դերակատարում ունի հայոց սփյուռքը: Ես չեմ ցանկանում այսօր առանձնացնել և շեշտադրել առանձին սփյուռքահայ կառույցներին և անհատներին, որոնք մեծ դերակատարում են ունեցել և շարունակում են ունենալ մեր բանակաշինության գործում: Նրանք իրոք շատ են: Եվ փորձելով թվարկել նրանց՝ անպայման գոնե մի մասին դուրս կթողնեմ, և դա անընդունելի ու անթույլատրելի կլինի: Խոնարհում և երախտագիտություն բոլորին, ովքեր գիտակցեցին մեր բանակի դերն ու նշանակությունը, և բոլոր այս տարիներին համեստորեն և առանց որևէ ակնկալիքի զորակոչվեցին բանակի ստեղծման և ամրապնդման վեհ գործին:

«Ազգ-բանակ» հայեցակարգը հիմք դարձավ պաշտպանական քաղաքականության լրջագույն խորքային վերանայման համար: Այսօր ես հակիրճ կներկայացնեմ այն ուղղությունները, որոնցով այդ բարեփոխումները ներդրվում են մեր զինված ուժերում և այն ծրագրերը, որոնք արտացոլում են այդ նոր քաղաքական մոտեցումների էությունը:

Եվ այսպես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքականության հինգ հիմնական ուղղություններն են.

1. զինվորական մասնագիտության արժևորում,

2. մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացում, այդ թվում՝ սպառազինման և առաջնագծի կահավորման հարցերով,

3.ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,

4.ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացում

5.արդարության և հանրային վստահության ամրապնդում:

Մի փոքր կանգ առնեմ այս հինգ ուղղությունների վրա և այն կոնկրետ ծրագրերի, որ այս տարվա ընթացքում իրագործվել են և այսօր շարունակվում են իրագործվել մեր զինված ուժերում:

Եվ այսպես՝ զինվորական մասնագիտության արժևորում: Ինչպես դուք լավ պատկերացնում եք, այսօր Հայաստանում բազմաթիվ մասնագիտությունների թվում քիչ կան մասնագիտություններ, որոնք նույնչափ պահանջված են, որքան որակյալ սպայական և ենթասպայական կադրերը՝ հմուտ զինվորականները: Այսօր իրականում Հայաստանի աշխատանքի շուկայում զինված ուժերն առաջարկում են բավականին մրցակցային պայմաններ այն քաղաքացիների համար, ովքեր ընտրում են այս մասնագիտությունը: Մենք առաջարկում ենք որակյալ անվճար կրթություն, ապահով աշխատատեղ, մասնագիտական առաջընթացի հստակ հնարավորություններ:

Իհարկե, հասկանալի է, որ դա շատ վտանգավոր ու շատ պատասխանատու մասնագիտություն է, բայց դրան զուգահեռ՝ դա ամենականխատեսելի մասնագիտական աճի ճանապարհ առաջարկող մասնագիտությունն է այսօր: Եվ, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ սպայական մասնագիտության նկատմամբ հասարակությունում դեռևս պահպանվում են որոշակի հարցականներ, մենք տեսնում ենք հասարակության անվերապահ սերը զինվորի նկատմամբ, ծնողական սերը զինվորի նկատմամբ, և չենք տեսնում դրան համաչափ վերաբերմունք, հարգանք հրամանատարի և սպայի նկատմամբ: Ուրեմն՝ մենք կարիք ունենք բարելավելու մեր ռազմական կրթության որակը, շարունակաբար ներգրավելու դեպի սպայական մասնագիտություն մեր լավագույն, ամենակարող ուժերին, և հնարավորություն տալու նրանց կայանալու որպես մասնագետ, առաջ շարժվելու և իրենց ծառայությունը բերելու հայրենիքին:

Այս ուղղությամբ, կարծում եմ, մենք մի քանի կարևոր քայլ ենք ձեռնարկել և առաջիկայում ևս մտադիր ենք ձեռնարկել: Օրեր առաջ Դիլիջանում բացվեց նոր շենքային պայմաններով Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանը: Դա մեր զինված ուժերի ավագ դպրոցն է, որի տղաները 10, 11, 12-րդ դասարանների կրթությունը կարողանում են ստանալ այդ դպրոցում:

Այդ վարժարանն ավանդույթներ ունեցող վարժարան է: Տասնամյակներ շարունակ այն գործում էր Երևանում և բավականին լավ մասնագետներ էր պատրաստում, բայց շենքային պայմաններն ուղղակի անհամաչափ էին դրված խնդրին և բացարձակ չէին համապատասխանում այսօր Հայաստանում ձևավորվող կրթական միջավայրին, երբ մենք ամեն օր բացում ենք նոր, բավականին լավ կահավորված և մեծ հնարավորություններ ունեցող կրթօջախներ:

Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը, Հանրապետության Նախագահը ողջունեցին այն գաղափարը, որ Դիլիջանում կառուցված ուսումնական կենտրոնը, որն ի սկզբանե կառուցվում էր որպես պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն, փոխանցվի զինված ուժերին: Եվ պետք է ձեզ ասեմ, որ այսօր մենք ունենք Դիլիջանում լավագույն պայմաններում գործող ռազմամարզական վարժարան: Օրեր անց, երբ մենք նշելու ենք մեր Ազգային հերոս Մոնթեի հոբելյանը, 60-ամյակը՝ նոյեմբերի 25-ին, կարծում եմ, առիթ կունենանք վարժարանի տարածքում մեծ միջոցառում կազմակերպելու, բոլոր հետաքրքվողների համար վարժարանի դռները բաց են լինելու: Ովքեր կլինեն Հայաստանում և ցանկություն կունենան այս շաբաթվա վերջին այցելել վարժարան, մենք անպայման կկազմակերպենք այնտեղ բաց դռների օր, որպեսզի դուք նաև տեղում կարողանաք տեսնել, թե ինչպիսի պայմաններում են այսօր սովորում մեր ռազմական դպրոցի սաները: Եվ արդյունքն արդեն անմիջապես, առաջին տարում իրեն ցույց տվեց, որովհետև մենք առաջին անգամ պատմության մեջ ունեցանք մրցակցային ընդունելություն՝ երեք թեկնածու մեկ տեղի համար: Վստահ եմ, որ հաջորդ տարի ունենալու ենք էլ ավելի տպավորիչ դիմորդների քանակ, որովհետև այդ դպրոցն իր այսօրվա մանկավարժական կազմով, ֆիզիկական պայմաններով, կեցության պայմաններով, իրոք, լավագույնն է Հայաստանում՝ այնպես, ինչպես և պետք է լիներ:

Հիմա մենք ունենք հաջորդ խնդիրը: Մենք պետք է դրան համապատասխանեցնենք մեր ռազմական համալսարանների կրթական պայմանները, որովհետև ունենք երկու ռազմական համալսարան՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը, և իհարկե, ունենք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը կատարում է հետազոտական գործառույթ և որի շենքային պայմանները բավականին լավն են, հնարավորություն են տալիս այդպիսի աշխատանք կատարելու, բայց մենք ունենք երկու ՌՈՒՀ, որտեղ պատրաստում ենք կուրսանտներ և որոնք կարիք ունեն ամենաարդիական պայմանների:

Այսօր մենք արդեն սկսել ենք աշխատանքը, մի շարք սփյուռքյան կառույցների հետ նաև, գտնելու հնարավորություն այդ շենքի պայմանները համապատասխանեցնելու քսանմեկերորդ դարի կարիքներին, և ստեղծելու այնտեղ թե կեցության, թե ուսման այնպիսի հնարավորություններ, որ լավագույն ուսանողները ձգտեն ընդունվել և սովորել այդ ռազմական ուսումնական հաստատությունում:

Մենք շատ կարևորում ենք մեր կուրսանտների ինտեգրումն այլ ուսումնական հաստատությունների ուսանողների հետ, որովհետև, տեսեք, մենք ասում ենք, որ մենք Ազգ-բանակ ենք, մենք ասում ենք, որ մեզ մոտ բանակն ամենուր է և յուրաքանչյուր ընտանիքում է, բայց իրականում ստացվում է այնպես, որ կուրսանտական ուղին ընտրած երիտասարդն անմիջապես կտրում է կապը հասարակության մնացած հատվածի հետ: Եվ եթե մնացած բուհերի ուսանողներն իրար հետ ունեն շփում, ունեն իրար հետ սովորելու հնարավորություն, ապա ՌՈՒՀ-երի ուսանողներն առանձնացված են:

Հիմա մի շարք ծրագրերով մենք փորձում ենք ինտեգրել նրանց այլ ուսումնական հաստատություներում, օրինակ՝ օտար լեզուների ուսուցումը կազմակերպել քաղաքացիական բուհերից մեկում, Թումո կենտրոնի հետ այժմ խոսում ենք, որպեսզի իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսուցումը տեղափոխվի այդ գերժամանակակից հարթակ և նրանք կարողանան օգտվել այն նույն հնարավորություններից, որ ունեն Հայաստանի այլ բուհերի ուսանողները և երիտասարդները:

Եվս մի ծրագիր, որը ես լայն քննարկման դրեցի և առաջիկա օրերին Ազգային ժողովում ընդունելու ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ դրա իրագործման համար: Դա «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որի շնորհիվ տակտիկական օղակի` կրտսեր սպայական անձնակազմի մեջ մենք ընդգրկելու ենք կարճատև ծառայությամբ, երեք տարվա ծառայությամբ, քաղաքացիական բուհերի ուսանողների՝ շրջանավարտների, որոնք ավարտելու են բակալավրիատը ամենատարբեր մասնագիտություններով, դրան զուգահեռ ստանալու են սպայի համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, և երեք տարի իրենց ծառայությունն անցկացնելու են ոչ թե շարքային կազմում՝ ինչպես Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր մասնակցությունը բերել երկրի պաշտպանությանը, այլ այդ մասնակցությունը բերելու են սպայի կարգավիճակով ծառայելով մեր զինված ուժերում: Վստահ եմ, որ դա ևս ինտեգրման և երկխոսության շատ ակտիվ գործընթաց կբացի:

Մենք նաև չափազանց կարևորում ենք դպրոցներում հայրենասիրական դաստիարակության խնդիրները, և ապրիլ ամսին այս նույն շենքում՝ Մարզահամերգային համալիրում, անցկացրեցինք մի մեծ խորհրդաժողով, որը նվիրված էր դպրոցներում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Մենք այժմ վերանայում ենք նախնական զինվորական պատրաստության դասագրքերի որակը և աշխատանք ենք կատարում համահայկական դպրոցական ռազմամարզական խաղերի կազմակերպման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ արդեն հոկտեմբեր ամսին դպրոցներում, իսկ այնուհետ՝ մարզային մակարդակով և գարնանը՝ համապետական մակարդակով, կանցկացվի այնպիսի մի խաղ, որը հնարավորություն կտա երիտասարդներին ցույց տալու իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Մենք նաև կարծում ենք, որ եթե մեզ մոտ ժամկետային զինվորական ծառայությունը ենթադրում է պարտադիր ծառայություն զինված ուժերում, ուրեմն շարքային կազմի զինվորները, ովքեր անցնում են երկամյա ծառայություն մեր զինված ուժերում, պետք է այդ ծառայության ընթացքում լրացուցիչ կրթության հնարավորություն ունենան: Եվ այսօր արդեն մենք սկսել ենք պիլոտային ծրագիրը և Դիլիջան քաղաքում, և Ստեփանակերտ քաղաքում. այնտեղ գտնվող զորամասերի շարքային կազմի զինվորների մեկական խումբ անցնում են համակարգչային ուսուցում ՏՏ ոլորտում՝ Թումո կենտրոնի հետ համատեղ, քանի որ այդ քաղաքներում կան Թումո կենտրոններ, և դա բավականին լավ արդյունք ու հնարավորություններ է տալիս: Այժմ մենք Թումո կենտրոնի հետ, Սեմ Սիմոնյանի հետ, պայմանավորվել ենք, որ խոշոր զորամասերում, որտեղ 1000-ից ավել ժամկետային զինծառայող կա, բացվեն Թումո-բանակ կենտրոններ անմիջապես զորամասերում, որպեսզի բոլոր զինծառայողները կարողանան համակարգչային գիտելիքներ ստանալ: Մեր ակնկալիքն է, որ մի քանի տարի հետո զինված ուժերից զորացրվող որևէ երիտասարդ պետք է համակարգչային գիտելիքների նկատմամբ առնվազն անտառաճանաչ չլինի, իսկ այն զինծառայողներն, ովքեր ունեն ջիղ և կարողություն, կարողանան գոնե էլեմենտար մակարդակի ծրագրավորում իրականացնել և այդ ծրագրավորումով կարողանան վաստակել իրենց օրվա հացը զինծառայությունն ավարտելուց հետո: Այս առաջարկը բաց է և չի սահմանափակվում միայն Թումո կենտրոնով: Բոլոր նրանք, ովքեր կարող են այդ ուղղությամբ ևս ծրագրեր առաջարկել, մենք շատ շահագրգռված կլինենք, որպեսզի տարբեր ուսուցման ծրագրեր, այդ թվում՝ արհեստագործական, ամենատարբեր ծրագրեր, մտնեն զորամաս: Դա և զորամասում միջավայրի ձևավորման, և կրթական նոր հնարավորությունների ստեղծման փայլուն տարբերակ է:

Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա պարոն Յաղուբյանին, Պերճ Սեդրակյանին, Հայ բարեգործական ընդհանուր միությանը, որովհետև շատ կարճ ժամանակամիջոցում կարողացանք մի շատ կարևոր ծրագիր իրականացնել և Հայ բարեգործական ընդհանուր միությունը երկու շաբաթում՝ ռեկորդային ժամկետում Հայաստան առաքեց հազար էլեկտրոնային գիրք, և այս տարի մեր բոլոր ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, նաև Մոնթե Մելքոնյան վարժարանի սաները, և բոլոր սպաները, ովքեր սկզբնական զինվորական կոչում էին ստանալու, ստացան անհատական էլեկտրոնային գրադարան: Յուրաքանչյուր  այդպիսի գրքի մեջ մենք ներբեռնեցինք մոտ հինգ հարյուր անվանում գիրք, օրենքներ, մասնագիտական գրականություն, գեղարվեստական գրականություն և յուրաքանչյուր սպա և ապագա սպա ստացավ շատ մեծ հնարավորություն ընթերցելու, նաև ինքուսուցմամբ զբաղվելու ազատ ժամանակ: Կարծում եմ, դա շատ կարևոր է, շնորհակալություն արագ արձագանքելու համար:

Այսօր մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նաև այս առաջին բաղադրիչի շրջանակներում այն հարցերին, որտեղ բանակը կարող է հասարակության համար լրացուցիչ ծառայությունների կամ հնարավորությունների դուռ բացել:  Առաջին կարևոր ուղղությունն այս առումով սահմանամերձ համայնքներն են: Մենք ձևավորել ենք միչգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում եմ ես, և իմ գործընկերների հետ միասին փորձում ենք յուրաքանչյուր սահմանամերձ համայնքի համար գնահատել առկա խնդիրները, առաջիկա լուծման ծրագրերը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այստեղ և մեր տաղավարում դրված է տպագրված գիրք, որը հանձնաժողովի երկու ամսվա աշխատանքի արդյունքն է, յուրաքանչյու համայնք գրքում ներկայացված է իր անձնագրով, ի՞նչ խնդիրներ ունի, ո՞ր խնդիրներն են լուծված, ո՞ր խնդիրներն են առաջնահերթ, սկսած   խմելու ջրից, մի տեղ ուղղակի անվտանգության պատնեշ կառուցելը, մի տեղ լրացուցիչ կրթական հնարավորությունները, տնտեսական խնդիրները և այլն:

Մենք նաև փորձում ենք հիմա զինված ուժերի մատակարարներին ուղղորդել դեպի սահմանամերձ համայնքներում իրենց արտադրությունների կազմակերպմանը, որովհետև կան շատ մեծ տնտեսական արտոնություններ և կարծում ենք, որ դա կարող է փոխադարձաբար շատ ավելի հետաքրքիր լինել:

Մեկ այլ այդպիսի օրինակ, երբ բանակը պետք է փորձի օգտակար լինել հասարակությանը՝ դա զինվորական հոսպիտալների հնարավորությունների օգտագործումն է քաղաքացիական բնակչության համար: Որպես մարտական խնդիր ունեցող երկիր մենք ունենք հոսպիտալների բավականին լայն ցանց ամբողջ երկրում, մարզերում: Եվ շատ տեղերում հոպիտալները շատ ավելի հագեցած են, շատ ավելի կարող են մարդկային ռեսուրսների առումով, քան տեղական, մարզային հիվանդանոցները: Այժմ մենք մեկ աշխատանքային խումբ ենք ձևավորել առողջապահության նախարարության հետ և առնվազն երեք տեղ` Սիսիանում, Վարդենիսում և Բերդում, մեր զինվորական հոսպիտալները քաղաքացիական հիվանդանոցի հետ միավորելու ճանապարհով ենք գնում, որպեսզի ավելի հեշտ կարողանանք ծառայություններ մատուցել տեղի բնակչությանը:

Մենք նաև մեծ խնդիր ունենք` Կենտրոնական զինվորական հոսպիտալը համապատասխանեցնելու արդի պահանջներին: մենք ունենք լավագույն մասնագետները, իրականում զինվորական հոսպիտալն ունի լավագույն վերակենդանացման բաժանմունքը Հայաստանում, ունենք լավագույն վիրաբուժական հնարավորություններ, սակայն շենքային պայմանները բացարձակ չեն համապատասխանում բժշկության և առողջապահության ոլորտի զարգացմանը: Մենք սկսել ենք մեր գործընկերների, դոնոր կառույցների հետ անել ամեն ինչ, որ կարողանանք կառուցել նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող զինվորական հոսպիտալ: Մենք մի ծրագիր ենք իրականացնում, որով փորձելու ենք մեր բոլոր բուժհաստատությունները հագեցնել ժամանակակից համապատասխան սարքավորումներով:

Մենք հատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին` իրենց խնդիրներով: Գիտեք, առաջին նախաձեռնություններից, որ առաջ քաշեցի, ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, դա հատուկ հիմնադրամի ստեղծումն էր, որը ժողովրդի կողմից ստացավ «հազար դրամների հիմնադրամ» անվանումը: Ես դրանից բացարձակ չեմ նեղվում, որովհետև գլխավորն այն է, որ ծրագիրն իրականացավ, և այսօր այն Հայաստանում գործող ամենաթափանցիկ հիմնադրամն է: Հիմնադրամի www.1000plus.am կայքում մեզանից յուրաքանչյուրը կարող է հատ-հատ տեսնել թե պարտադիր, թե կամավոր նվիրաբերությունները և անվանական այն ընտանիքները, որոնք ստանում են օգնություն այդ հիմնադրամից: Իսկ այդ հիմնադրամն իրոք տալիս է միջազգային չափանիշներին համապատասխանող փոխհատուցման ծրագիր զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Զոհված սպայի պարագայում իր ընտանիքը ստանում է ընդհանուր առմամբ մոտ 170.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում: Իհարկե, դա որևէ կերպ չի վերադարձնում կորստի ցավը, բայց այն սոցիալական մի շարք խնդիրներ լուծելու միակ և արդարացված ճանապարհն է: Առիթն օգտագործելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ հիմնադրամին կատարում են կամավոր նվիրաբերություններ: Գիտեք, որ Հայաստանի քաղաքացիները պարտադիր վճարներ են կատարում իրենց ամսական աշխատավարձից, բայց չեմ կարող չնշել այս դահլիճում նստած պարոն Եզեկլյանին, ով առանց որևէ մեկին ասելու 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար էր նվիրաբերել հիմնադրամին, ինչպես նաև պարոն Անմահունուն Կիպրոսից, որն իմ այցելության ժամանակ, տարիքով շատ մեծ մարդ, իր հավաքած միջոցներից 10.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց հիմնադրամին: Դա շատ կարևոր բարոյական և հոգևոր աջակցություն է հիմնադրամին և մեր ծրագրերին:

Երկրորդ կարևոր ուղղությունը սպառազինման, մարտական պատրաստության և առաջնագծի կահավորման հարցերն են: Գիտեք, որ մենք շատ մեծ առաջնագիծ ունենք, և ապրիլյան դեպքերից հետո ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել վերջին տարվա ընթացքում, առաջնագիծը որակապես փոխվել է ինժեներական սարքավորումների և հատկապես դիտարկման, տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Դա նշանակում է, որ մեր տղաների ծառայությունը մի քիչ ավելի անվտանգ է:

Մենք կարիք ունենք և շարունակում ենք սպառազինման բավական ինտենսիվ ծրագիր: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ընտրել է սպառազինության մրցավազքի ճանապարհ, քանակին քանակ հակադրելը երբեք մեր ճանապարհը չի եղել, և դա ոչ այնքան և ոչ միայն ռեսուրսների հարց է, որքան խոհեմության: Մենք այսօր բավականին ադեկվատ միջոցներով ենք սպառազինված` արձագանքելու ու պատասխանելու և պաշտպանությունը կազմակերպելու համար, բայց ռազմական տեխնիկան և ռազմական գիտությունն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած բան, որ տեղադրում ես, արդեն ամիսներ անց մի քիչ հնացած է, դրա արդիականը կա, դրա հակաթույնը կա, որին դու ևս պետք է հակաթույն մտածես, հետևաբար մենք ունենք և խորհրդատվության և աջակցության կարիք: Պետք է ասեմ, որ շատ մեծ դեր են խաղում այս ծրագրերում մեր հայրենակիցները աշխարհի ամենատարբեր երկրներից: Պետք է ասեմ, որ իրենց նվիրաբերություններով մենք իրոք շատ մեծ աշխատանք ենք կարողանում կատարել այս ուղղությամբ: Մենք նաև մեծ կարևորություն ենք դարձնում իրային և պարենային ապահովման խնդիրներին, որովհետև համարում ենք, որ մեր զինծառայողները պետք է առավելագույն հարմարավետ պայմաններն ունենան և ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով:

Այժմ մի քանի ծրագիր է ընթացքում: Այժմ շատ ինտենսիվ աշխատում ենք հայկական բանակային կոշիկը միջազգային ճանաչված բրենդ դարձնելու գաղափարը կյանքի կոչելու վրա: Մենք ավանդաբար ունեցել ենք կոշկակարության լավ ավանդույթներ, մեծ համբավ. որևէ պատճառ չկա, որ զինված ուժերը, որ մեծ պատվիրատու է կոշիկի, չի կարող դառնալ նաև յուրահատուկ բրենդի մշակող և արտահանող: Պետք է ասեմ, որ Ռուսաստանում բավականին հայեր կան, որ ներգրավված են կոշիկի արտադրության մեջ, և արդեն այսօր իրենցից ստացել ենք որոշ հաստատումներ, այդ թվում նաև նոր հոսքագծերի մատակարարման առումով: Եվ կարծում եմ, որ մինչ ձմռան ավարտն արդեն կունենանք հայկական բանակային կոշիկի արտադրության առաջին փուլը: Եղած կոշիկները բարելավվել ենք, բայց դա բավական չէ: Մենք ուզում ենք իրոք ունենալ լավագույնը և հայտնի դառնալ դրանով:

Երրորդ թեման, շատ կարևոր, ռազմարդյունաբերությունն է: Այնպես է ստացվել, որ կյանքը մեզ պարտադրել է ունենալ մեծ բանակ, մեծ զինված ուժեր: Դա նշանակում է, որ մենք կամ պետք է անընդհատ բողոքենք` ասելով, որ դա մեզ համար անասելի մեծ բեռ է և շարունակենք հանրային միջոցներ ծախսել դրա վրա, կամ պետք է հասկանանք որ դա նաև հնարավորություն է, և եթե դա հնարավորություն է, ուրեմն առաջին հերթին հնարավորություն է ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության զարգացման տեսակետից:

Պետք է ասեմ, որ Ռազմարդյունաբերական պետական կոմիտեն, որն այսօր գլխավորում է շատ տաղանդավոր և նվիրված մի անձնավորություն, Դավիթ Փախչանյանը, իրոք մեծ արդյունքներ է գրանցում, իրոք ակնառու առաջընթաց կա այդ ուղղությամբ,  և ես կարծում եմ, որ շատ մոտ է այն պահը, երբ մենք առաջին լուրջ արտահանումները կունենանք նաև դեպի արտերկրի շուկա: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը մեր զինված ուժերն ապահովելն է, այդ է մեր ուղղությունը: Բայց ոլորտն այնպիսին է, որ եթե դու շարունակես արտադրել միայն քեզ համար` դու երբեք չես կարող լինել մրցակցային: Առանձին նմուշի արտադրությունը երբեք չի կարող ապահովել տնտեսական այն պայմանները, որոնցում դա ավելի ձեռնտու կլինի, քան ներմուծումը: Իսկ մենք փորձում ենք նաև ամեն տեղ արդյունավետությունն այնուամենայնիվ առաջնային պահել: Ուստի մեզ համար կարևոր է, որ մեր մշակումները, մեր արտադրանքը նաև արտերկրի շուկաներ դուրս գա: Ի վերջո, Հայաստանը խորհրդային տարիներին ունեցել է շատ մեծ գիտական ներուժ: Խորհրդային Միության  ռազմարդյունաբերական համալիրում Հայաստանը ավանդաբար եղել է տեղեկատվական համակարգի կարևորոգույն բաղադրիչի մատակարարը: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա արագ վերականգնել, եթե այդ ուղղությամբ ավելի հետևողական աշխատենք:

Չորրորդ ուղղությունը ռազմական դիվանագիտության ակտիվացումն է: Զեկուցեմ, որ պաշտոնավարման ընթացքում ունեցել եմ մի շարք այցեր, որոնք տալիս են իրենց արդյունքները և նոր այդպիսի հնարավորություններ են ընձեռում: Առաջին այցս եղել է Ռուսաստանի Դաշնություն: Ցանկանում եմ ձեզ ասել, որ անկախ բոլոր ասեկոսեներից  ու քննարկումներից, որ դուք տեսնում եք մամուլում, Ռուսաստանը շարունակում է մեզ համար մնալ  շատ վստահելի և շատ ամուր դաշնակից պետություն: Այն գնային առաջարկները,  այն բաց հնարավորությունները, որ մենք ունենք Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում, հնարավոր է միայն ամենաբարձր մակարդակի  ռազմադաշնակցային   հարաբերությունների պայմաններում: Այսինքն` ներքին շուկայի գներով, ռուսական բանակին մատակարարվող սպառազինության գներով մենք ձեռնարկությունների հետ ուղիղ կարողանում ենք  պայմանագրեր կնքել և մատակարարել զենք-զինամթերք: Դրան գումարենք շատ շահավետ վարկային պայմանները, նաև անհատույց աջակցություն, և դուք կհասկանաք թե ինչ կարևոր դերակատարում ունի Ռուսաստանը մեր զինված ուժերի ապահովման և մարտական պատրաստության պահպանման հարցում: Բայց դա չի նշանակում, որ մենք չունենք այլ կապեր: Իմ երկրորդ այցը, ժամանակագրական առումով, եղել է ավանդական բարեկամ Հունաստան, որը մեր զինված ուժերի կայացման առաջին օրվանից բացառիկ դեր է խաղացել և մեծ դեր է խաղում մեր բանակաշինության գործում: Եղել եմ նաև մեր հարևան Վրաստանում և Իրանում: Երկու երկրներ, որոնք մեր կապն են արտաքին աշխարհի հետ և որտեղ  կան շատ հետաքրքիր համատեղ ծրագրեր: Վերջերս եղել եմ Չինաստանում, որտեղ պաշտոնական այցի շրջանակներում քննարկել եմ և մեր ռազմադիվանագիտական կապերի ընդլայնման, և ռազմատեխնիկական հնարավոր փոխգործակցության հարցերը: Եղել եմ նաև Բրյուսելում: Գիտեք որ մենք ունենք  փոխգործակցություն ՆԱՏՕ-ի հետ, հատկապես խաղաղապահ գործողությունների շրջանակներում: Այսօր մեր խաղաղապահները երկու առաքելությունների մեջ են, որ իրականացնում է ՆԱՏՕ-ն: Դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արտոնված առաքելություններ են՝ մեկը Աֆղանստանում, մյուսը Կոսովոյում: Եվ նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ իտալական հրամանատարության ներքո գտնվում ենք Լիբանանի հարավում, որտեղ ևս շատ կարևոր գործառույթներ են իրականացնում մեր խաղաղապահները:

Վերջին ուղղությունը, որի մասին կուզեի հակիճ խոսել, զինված ուժերում արդարության և դեպի զինված ուժեր հանրային վստահության ամրապնդումն է: Քանի որ զինված ուժերն այդքան առանցքային կառույց է մեր պետության և պետականության համար, քանի որ այն լուծում է մեր կենաց ու մահու խնդիրը, չափազանց կարևոր է, որ մեր ողջ հասարակությունը լիարժեք վստահի զինված ուժերին: Իսկ դրա համար կա մի քանի բաղադրիչ: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարն է և զինված ուժերում արդյունավետության բարձրացումը, որի ուղղությամբ այս ընթացքում զգալի քայլեր արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան: Երկրորդը` ընդհանուր բարեվարքությունն է: Այսօր ուզում  եմ հայտարարել մի բան, որը մեր հանրությանը դեռ չեմ հայտարարել, բայց քննարկել եմ և իմ գործընկերների հետ կառավարությունում և Էթիկայի հանձնաժողովում: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որոնցում պետական պաշտոնյաների հայտարարագրերի մեջ անպայման հայտարարագրվելու հայտարագրողի և իր ընտանիքի անդամների՝ զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը: Եվ ոչ միայն այն` թե ծառայել է կամ չի ծառայել, այլ նաև թե ունի արդյոք տարկետում կամ ազատում, իսկ եթե ծառայել է, պարտադիր պետք է նշվի, թե որ զորամասում է ծառայությունն անցել: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու տեսակետից:

Մենք ներդրել ենք մի ծրագիր, որն այս օրերին ընթացքում է, կոչվում է «Դիտակետ»: Այդ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր զորացրվող զինվորի տուն, ամեն մեկի, ոչ թե ընտրովի, այլ յուրաքանչյուր զորացրված զինվորի տուն, գնում է հատուկ մասնագետ՝ սոցիոլոգ, ոչ պաշտպանության նախարարությունից, այլ մասնավոր սոցիոլոգիական ընկերությունից և մոտ վաթսուն հարցից բաղկացած հարցաթերթիկ է լրացնում ծառայության բոլոր ասպեկտներին վերաբերող, սկսած կենցաղային պայմաններից մինչև զինվորական ծառայությանն առնչվող հարցեր: Հարցումն անանուն է, սակայն զորամասի անունը ֆիքսվելու է: Եվ մենք նոյեմբերի մեկին արդեն ամբողջական պատկերը կունենանք, թե որ զորամասում ինչ տիպի խնդիրներ կան, ինչ հարցեր կան լուծելու, նաև` բարդություններ: Կարծում եմ` դա շատ արդյունավետ կառավարման գործիք է լինելու մեր ձեռքում: Մենք ներդրել ենք թեժ գիծ, որով ցանկացած զինծառայող, ընտանիքի անդամ կարող է զանգահարել և իր մտահոգությունների կամ խնդիրների մասին տեղեկացնել: Իմ առաջին տեղակալի մոտ կա աշխատանքային խումբ, որը պարբերաբար, յուրաքանչյուր շաբաթ հատ-հատ քննարկում է բոլոր հարցերը և փորձում է պատասխանել և լուծումներ տալ եղած խնդիրներին:

Շնորհակալություն:

  • Поделиться