ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵՊՀ ուսանող զորակոչիկների հետ

17 Ноября, 2010 00:00
Ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ ուսանող զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը:

Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:

Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը` Ս.Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ: Զորակոչիկներին մաղթելով բարի ծառայություն` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նրանց ծառայությամբ է պայմանավորված մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться