Քննարկվել են ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրները
20 Апреля, 2017 21:28Համաժողովի բացմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսի տաղավարներում, զինվորական դաշտային խոհանոցում, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին, որից հետո Նախագահը մասնակցել է համաժողովին և հանդես եկել ելույթով:
«Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը: Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Ւր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկում մեկնարկելու նպատակով «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ներկայացրել է դրել երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Նախագծերը կենթարկվեն համակողմանի մասնագիտական փորձաքննության և հանրային քննարկման՝ նախքան օրենսդրական ձևակերպումների առաջադրումը:
«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Քաղաքացիական բուհերի ուսանողները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինվորական պատրաստության դասընթացները հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանան լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով ծառայություն կանցնեն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում:
Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
«Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը: Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա: Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:
«Ազգ-բանակ-2017» համաժողովին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: