Ստեղծվել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման նոր ուսումնական կենտրոն
17 Октября, 2016 17:54Ներկայացնելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը, կենտրոնի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հովհաննիսյանը շեշտել է, որ կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում և հավելել, որ համատեղ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկը:
Ռազմաբժշկական ծառայության իրականացման գործընթացում կարևորելով միջին և կրտսեր բուժանձնակազմի դերակատարությունը՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ուսումնական կենտրոնի ունկնդիրներն ուսուցման ավարտին առավել արդյունավետ և բարձր մակարդակով դրված կիրականացնեն առաջադրված խնդիրները:
Դասընթացի առաջին ունկնդիրներին հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի դերը ռազմաբժշկական կադրերի պատրաստման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կենտրոնի ստեղծումը ներդրում է ոչ միայն զինված ուժերի կարողությունների զարգացման, այլև առհասարակ քաղաքացիական հասարակության համար բժշկական հմտություններով օժտված քաղաքացիների կրթման գործում: Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ սանհրահանգիչների արհեստավարժությունից, մասնագիտական որակներից և հմտություններից է նաև էապես պայմանավորված զինծառայողների բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության կազմակերպումը:
Արարողության մասնակիցները շրջել են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, ծանոթացել են կատարված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի ուսումնական պայմաններին և հագեցվածությանը, ընթացիկ ու հեռանկարային ուսումնական ծրագրերին: