Ամփոփիչ կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

25 Декабря, 2010 00:00
Դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել 2011թվականի առաջնահերթությունները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշել է, որ 2010թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, մշակվել ու հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարևոր փաստաթղթեր, պաշտպանական բարեփոխումների համատեքստում զգալիորեն բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման ասիմետրիկ հմտությունները: Հարկ է նշել, որ 2010թվականի վերոնշյալ զորավարժությունները առանձնահատուկ են եղել գիշերային փուլի անցումներով, կրակային խոցման ինտենսիվությամբ ու ղեկավարման նոր մարտավարական դրվագներով:

Անդրադառնալով 2010 թվականի ընթացքում արձանագրված թերացումներին ու հատկապես հանրային հնչեղություն ստացած միջադեպերին` Սեյրան Օհանյանը մի շարք զորամասերի հրամանատարների խիստ ցուցումներ է տվել` բացթողումները շտկելու, սպայական ու սերժանական կազմի ծառայությունը ներդաշնակ կազմակերպելու վերաբերյալ` նշելով, որ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման ու կարգապահության բարձրացման համար բացառվելու է նախկին թերացումների կրկնությունը: Զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2010թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն մեր զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն: Ամփոփելով 2010 թվականին կատարված աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ շարունակվելու են զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները` ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց կարգախոսի ներքո: Սեյրան Օհանյանը 2010թվականի լավագույն զորամասերին պարգևատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմերին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться