Անցկացվում են ժամանակակից վարժասարքերի շահագործման վարժանքներ
15 Июля, 2016 16:12«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման և վերանորոգման դասընթացներ:
Նշված վարժասարքերը հնարավորություն են ընձեռում մարտական տեխնիկայի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ ուսումնական անգդակ փամփուշտներով իրականացնել զորավարժություններ մարտական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առաքել նաև «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը և օժանդակ սարքավորումները: Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետևել «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել «ՄԱՅԼՍ» սարքավորումների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ: