Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

23 Мая, 2016 14:30
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ /Բեն/ Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում և այլն:    

Գեներալ-լեյտենանտ Հոդջեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ ուրախ է Երևանում անձամբ լինելու և համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկումների ունենալու համար, հատկապես, որ այս տարի արդեն հնարավորություն է ունեցել տեսնելու ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական անձնակազմի տպավորիչ մասնակցությունը Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի «Միաձուլված Սուր» զորավարժությանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ  տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահ գործողությունները և ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

Ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ, նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով համակարտության խաղաղ կարգավորմանը:    

Այցի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը մասնակցել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը:

  • Поделиться