«Շանթ 2015» զորավարժությունները շարունակվում են
4 Сентября, 2015 00:00Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվող զորավարժության մտահաղացման, նպատակների և արդեն իրականացված միոջոցառումների վերաբերյալ սեպտեմբերի 4-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ընդգծվել է, որ զորավարժություններն աննախադեպ են իրենց մասշտաբներով: Դրանցում ներգրավված են հանրապետության բոլոր պետական գերատեսչությունները:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձակա տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա է մտացածին հակառակորդ և իրավիճակն առավելապես համապատասխանեցված է իրականությանը: Զորավարժությունների շրջանակում խաղարկվում են բազմաթիվ բարդ խնդիրներ, հավանական իրավիճակներ, որոնք կարող են լինել պատերազմական գործողությունների ժամանակ:
Զորավարժության սցենարի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին ՀՀ պետական պատկերասրահում և Մատենադարանում կազմակերպվել է աշխատակազմի և ունեցվածքի տարհանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղադրվել են հավելյալ 100, Արտաշատի հիվանդանոցում` լրացուցիչ 50 մահճակալներ պայմանական վիրավորների համար:
Խաղարկային սցենարի համաձայն՝ այսօր ժամը 18:00-ից բնակչության պայմանական տարհանման նպատակով Երևանում՝ Հանրապետության հրապարակում, 30 ավտոբուսից բաղկացած շարասյուն է ձևավորվելու: Երևանի Ավան թաղամասում խաղարկվելու է պայմանական պարետային ժամ: