ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հուշաքարի բացման արարողությանը
27 Января, 2015 00:00ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 27-ին Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված զինծառայող, դպրոցի շրջանավարտ Արսեն Հարությունյանի անվան հայրենասիրական նախազորակոչային դասարանի և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Արարողության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ՀՀ պաշտպանության նախարարության և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով դպրոցի բակում կառուցված հուշաքարին: Դպրոցի նորաբաց դասարանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անցկացրեց արիության դաս` կարևորելով ավագ դպրոցի աշակերտների նախազորակոչային պատրաստությունը, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակման անհրաժեշտությունը:
Արսեն Հարությունյանի մայրը` «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախարարին` շեշտելով պաշտպանության նախարարության և անձամբ Սեյրան Օհանյանի պատրաստակամությունը զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործում: