Մամուլի հաղորդագրություն
29 Июля, 2014 00:00Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը եղել է առաջնային գծի տարբեր հատվածներում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Պաշտպանության բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին:
Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարները անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը: