Նշվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի կազմավորման տարեդարձը

31 Мая, 2014 00:00
Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը:

Տոնական հանդիսությանը մասնակցելու համար Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, մարզային և քաղաքային իշխանություններ ներկայացուցիչներ: Տոնական միջոցառումները մեկնարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրու առաջ, այնուհետև զորամասում կայացավ մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների պատրաստած ցուցադրական համարները: Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից քաղաքի բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, գնդի և հրետանայաին դիվիզիոնի մարտական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար: Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնվեցին պարգևներ ԵԿՄ-ի կողմից ևս: Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով և տոնական համերգով: Զորամասը կազմավորվել է 1996 թվականի մայիսին: Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը:
  • Поделиться