Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին

25 Января, 2014 00:00
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծեց, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում: Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվեցին նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվեց, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները: Խորհրդակցության արդյունքում որոշվեց ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:
  • Поделиться