Ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացված միջոցառումները

17 Января, 2014 00:00
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, Մայր Աթոռի ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացված հայրենասիրական դաստիարակության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, առողջապահության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները: Բացելով նիստը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, որոնք անհրաժեշտ են աշխատանքները համակարգելու առումով, առավել ևս` հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները: Նախարարն ընդդծեց նաև հայրենասիրական դաստիարակության համատեքստում երիտասարդությանը մեր հերոսների կյանքին և գործունեությանը ծանոթացնելու, նրանց օրինակով սերունդներ դաստիարակելու անհրաժեշտությունը: «Երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործընթացին ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ։ Մի քանի նախարարությունների մասնակցությունը համագործակցության ապացույցն է։ Միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չենք կարող արձանագրել»,-նշեց Ս. Օհանյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ և հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2013 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումներն ու ընդունված որոշումները, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնություններն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Նշվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ մշակվել է «Հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի» նախագիծը, հաջողությամբ իրականացվում է նաև «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության միջոցառումների ծրագիրը»: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից հայրենասիրական դաստիարակության ասպարեզում իրականացված քայլերին, ապա 2013 թվականին իրականացված 21 խոշոր ծրագրերին և 70 առավել թիրախային միջոցառումներին ներգրավվել են 150 դպրոցների, քոլեջների և հանրակրթական ուսումնական այլ հաստատությունների 5.800 սաներ: «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել մայրաքաղաքի և մարզերի 120 ուսումնական հաստատությունների շուրջ 11.000 սաներ, առանձին պլաններով հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Ազգային հերոսների, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձերին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Բացի այդ պաշտպանության նախարարության միջոցներով գնվել և դպրոցներին են փոխանցվել «Մենամարտ» վարժասարքեր, վերանորոգվել են բազմաթիվ մարզահրապարակներ և հրաձգարաններ: Որպես մտահոգիչ փաստ ներկայացվեց երիտասարդության շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների մեծ մասը` 57.5 տոկոսը, նշել է, որ չունի իդեալ և չի ուզում ոչ ոքի նմանվել: Այսինքն` վերջիններս չեն ոգեշնչվում մեր հերոսների, գիտնականների և ընդհանրապես որևէ գործով հայտնի մարդու արարքներով և չեն ցանկանում նրանց նմանությամբ հայրենանվեր գործերի հեղինակ լինել, ասել է թե` չեն առաջնորդվում նրանց գաղափարներով: Զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվեցին 2014-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը Ամփոփելով նիստի արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նկատեց, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և կարիք ունեն անհապաղ միջամտության: Ս. Օհանյանը հավելեց նաև, որ թեպետ հաշվետու ժամանակահատվածում ընդունվել և կյանքի են կոչվել բազմաթիվ համատեղ հրամաններ և իրականացվել են հարյուրավոր միջոցառումներ, այդուհանդերձ, հարկ է առավել ուշադրություն դարձնել իրականացվող քայլերի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչներին և դաստիարակության արդյունավետության բարձրացմանը: Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:
  • Поделиться