ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ամանորյա շնորհավորական ուղերձը

28 Декабря, 2013 00:00
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ամանորը և Սուրբ Ծնունդը համաժողովրդական ընդգրկում ունեցող տոներ են: Յուրաքանչյուր հայ ընտանիքում, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, այդ օրերի տոնական, ուրախ տրամադրությունը զուգակցվում է անցնող տարվա ձեռքբերումների վերհիշման և ապագայում նոր ցանկությունների ու նպատակների իրականացման ակնկալիքների հետ: Զինված ուժերի ողջ անձնակազմը դիտելով որպես մի մեծ, բազմաշերտ ընտանիք և չխախտելով արդեն ստեղծված ավանդույթը` ամանորյա իմ շնորհավորական ուղերձում ցանկանում եմ շատ հակիրճ ամփոփիչ խոսք ասել տարվա ընթացքում կատարած աշխատանքների ու ձեռքբերած հաջողությունների մասին: 2013 թվականին նույնպես առաջնորդվել ենք «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով` տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»: Հետադարձ հայացք գցելով նախանշված խնդիրների կատարման ընթացքին` նկատելի է դառնում, որ մեր բանակային կյանքի բոլոր ոլորտներում ապահովվել է զարգացման շարունակական աճ: 2013 թվականը ևս ապացուցեց, որ Հայոց բանակը հստակ և հաստատուն քայլերով առաջ է գնում: Տարեցտարի հզորացնելով զինված ուժերը, մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի, պետության պաշտպանվածությունը: Պատերազմ տեսած մեր ժողովուրդը գիտակցում է, որ ամենակարևորը խաղաղությունն է և երկրի սահմանների անձեռնամխելիությունը, ինչը մեծապես պայմանավորված է ժամանակակից բանակով: Ընդհանուր առմամբ, մեր գերխնդիրը համարելով հակառակորդի զինված ուժերի նկատմամբ գերազանցության ապահովումը, նպատակ ենք դրել ստեղծել արդի ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանական համակար, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմական անվտանգությունը: Նախևառաջ քաջ գիտակցելով, որ ամուր և ուժեղ բանակի հիմքում կայուն և հիմնարար գիտելիքներն են, տարվա ընթացքում կարևորել ենք ԶՈՒ-ում կազմակերպվող ուսումնական գործընթացը: Որպես հաջողության գլխավոր նախապայման` առաջնորդվել ենք «Դժվար` ուսման մեջ, հեշտ` մարտում» հայտնի նշանաբանով: Ուսուցման գործում կարևոր են համարվել պարբերաբար անցկացվող զորավարժությունները, որոնց միջոցով բարձրացել են անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, զենքին և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությունները, տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության, մարտի ղեկավարման և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունները: Անպայման ուզում եմ նշել, որ 2013-ը նշանավորվեց նրանով, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հենքի վրա առաջին անգամ անցկացվեց ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմի համար հրամանատարաշտաբային դասընթաց` ռազմական ակադեմիական ուսուցման մակարդակով, այսինքն` դրանով մեզ մոտ հիմք դրվեց ռազմական ակադեմիայի ստեղծմանը: Շատ եմ կարևորում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նույնպես առաջին անգամ անցկացված «Ռազմավարական ղեկավարում» մասնագիտությամբ մեկամսյա դասընթացները, որոնց նպատակն էր բարձրագույն սպայակազմի մոտ ձևավորել ռազմավարական կայուն գիտելիքներ: Հանրահայտ ճշմարտություն է. միայն պատերազմին պատրաստ լինելով է, որ հնարավոր է կանխել պատերազմը: Հաշվի առնելով, որ հնարավոր պատերազմի դեպքում պետք է պատրաստ լինի ոչ միայն զինված ուժերը, այլև երկրի ամբողջ պետական համակարգը, 2013 թվականի հոկտեմբեր ամսին անցկացվեցին «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները, որոնք կոչված էին համագործակցված և կոորդինացված աշխատելու հմտություններ ձևավորել պետական տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմի հետ: Տարվա ընթացքում հաջողությամբ շարունակել և զարգացրել ենք միջազգային ռազմական համագործակցությունը: Այսօր ՀՀ ԶՈՒ-ն պաշտպանության ոլորտում համագործակցում է տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Նպատակն է առաջավոր փորձի ներդրմամբ, այլ երկրների ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների կրթական-մասնագիտական մակարդակի բարձրացմամբ բարելավել, արդիականացնել մեր պաշտպանական համակարգը, իհարկե, նաև միջազգային անվտանգության ապահովման գործում մեր մասն ունենալով` ձեռք բերել հեղինակավոր դիրք: Հրաժեշտ տալով 2013 թվականին` անպայման պետք է արձանագրել, որ տարեցտարի նվազում է մահվան ելքով, մարմնական վնասվածքներով դեպքերի, զինվորական հանցագործությունների քանակը: Այդ են ցույց տալիս պարզ վիճակագրական տվյալները: Դա նշանակում է, որ զինված ուժերի ստորաբաժանումներում բարձրացել է զինվորական կարգապահությունը, որոշակիորեն բարելավվել է բարոյահոգեբանական մթնոլորտը, հազվագյուտ են դարձել այնպիսի բացասական երևույթները, ինչպիսիք են զինծառայողների միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները: Իհարկե, պետք է նաև հստակ գիտակցենք, որ եթե մեր բանակում տարվա ընթացքում թեկուզ 1-2 մահվան ելքով դեպք տեղի ունենա, ապա դա մեզ լրջորեն մտահոգվելու տեղիք պետք է տա: Անցած տարում նույնպես բանակի ղեկավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման հարցերը: Շատերն են ՊՆ ուղեգրերով իրենց ընտանիքների հետ մեկնել հանգստյան տներ: Խիստ կարիքավորներին ցուցաբերվել է նյութական օգնություն: Զինավաններում կատարվել են զորանոցների, մշակութային-կենցաղային օբյեկտների վերանորոգման և նորերի կառուցման աշխատանքներ: Զգալիորեն բարելավվել են մարտական հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության և կեցության պայմանները: Հավատում եմ, որ 2014 թվականին ՀՀ ԶՈւ անձնակազմի, ընդհանրապես, մեր երկրի բոլոր քաղաքացիների կյանքը մի քիչ ավելի բարեկեցիկ է դառնալու, բոլորիս մոտ ավելանալու է բարությունն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, մեզանից յուրաքանչյուրն իր պարտականությունների կատարման գործում ավելի պարտաճանաչ է լինելու: Շնորհակալություն են հայտնում Հայոց բանակում բարեխղճորեն ծառայող բոլոր զինվորներին, սպաներին ու գեներալներին: Խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրերին սահմանագծում, հակառակորդի դեմ հանդիման, կրկնապատկված զգոնությամբ մարտական հերթապահություն են իրականացնում` հսկելով մեր երկրի անդորրը: Նրանց անվտանգ ծառայություն եմ մաղթում: Անցնող տարում ևս հայ-ադրբեջանական սահմանում անհանգիստ ու լարված է եղել: Չեն դադարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցող կրակոցներն ու սադրանքները: Մեր մարտական բարձր պատրաստվածությունն ու հայրենիքին նվիրվածությունը մեզ թույլ են տալիս վստահաբար ասելու, որ պատրաստ ենք ևս մեկ անգամ արժանի հարված հասցնել թշնամուն, եթե նա համարձակվի պատերազմ սանձազերծել: Ավարտելով իմ շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` բոլորիդ Նոր տարում ցանկանում եմ ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նորանոր հաջողություններ:
  • Поделиться