Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրումը ՀՀ պաշտպանության նախարարությունում և միջազգային փորձը

20 Ноября, 2013 00:00
Ս.թ. նոյեմբերի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվող ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց «Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրումը ՀՀ պաշտպանության նախարարությունում և միջազգային փորձը» խորագրով սեմինար-քննարկում:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և ռազմաքաղաքական հարցերի պատասխանատուն, ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պատվիրակներ, միջազգային և տեղական փորձագետներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջ. Էյվսը, ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարությունից տկն. Բ. Բորելը և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ու. Լահյուն: Սեմինարի առաջին հատվածում անդրադարձ կատարվեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող աշխատանքներին և առկա մոտեցումներին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ՊՆ հետ թափանցիկության և հաշվետվողականության թեմայի շրջանակում համագործակցության ուղենիշները, զուգահեռներ անցկացրեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության և ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի միջև: ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի կողմից սեմինարի մասնակիցներին ներկայացվեց քաղծառայողների և պետական հատուկ ծառայողների համար ինստիտուտում անցկացվող դասընթացները, հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մոտեցումները և ինստիտուտի ջանքերով մշակված ուսումնական գրականությունը: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր բարեվարքության ամրապնդման միջազգային փորձի քննարկմանը: Ներկայացվեց Բարեվարքության ամրապնդման ինքնագնահատման գործընթացն արդեն իսկ ավարտած Սերբիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի և Լատվիայի առաջավոր փորձը: Անդրադարձ կատարվեց ՆԱՏՕ-ի ընդհանուր մոտեցումներին: Սեմինարի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դրական գնահատեցին սեմինարի արդյունքները: Մասնավորապես, կարևորվեց փորձի փոխանակման և բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող հետագա աշխատանքներում լավագույն փորձի տեղայնացման հնարավորությունների զարգացումը: Շեշտվեց նաև փորձագիտական մակարդակով կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
  • Поделиться