Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

28 Октября, 2013 00:00
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին, ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը շնորհավորեց ավստրիական կողմին և հաջողություններ մաղթեց ավստրիացի ժողովրդին ազգային տոնի` Չեզոքության հայտարարման օրվա կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Կրաուտը հավաստեց, որ Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում: Սեյրանը Օհանյանը նշեց, որ թեև պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական համագործակցությունն այդքան էլ ակտիվ չէ, սակայն կան իրական հեռանկարներ հաջորդ տարվա ընթացքում ինչպես Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության, այնպես էլ Ավստրիական զարգացման գործակալության հետ մի շարք ոլորտներում համագործակցություն հաստատելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
  • Поделиться