ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի շնորհավորանքը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ

20 Сентября, 2013 00:00
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպայական, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ զինված ուժերում ընդգրկված բոլոր քաղաքացիական անձանց:

Անկախության տոնը մեր երկրի գլխավոր պետական տոնն է: Արդեն 22 տարի է, ինչ մեր ժողովուրդը շրջափակման պայմաններում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, վերակերտում, ամրապնդում է իր պետականությունը: Անկախացումից ի վեր քիչ հաջողություններ չեն ձեռք բերվել: Ամենակարևորը, ապահովվել է երկրի խաղաղ, բնականոն կյանքը: Անկախության ամենամեծ նվաճումը, այնուամենայնիվ, ես համարում եմ ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակը անգնահատելի արժեք է հայ ժողովրդի համար: Այն անցել է պատերազմի միջով, տարել փայլուն հաղթանակ` ազատագրելով գերության մեջ գտնվող պատմական Հայաստանի մի մասը և արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայկական երկու նորանկախ պետությունների անվտանգության, նրանց սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը` պատրաստ լինելով համարժեք հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին: Մեր բանակը պաշտպանական տարբեր ոլորտներում իրականացնելով համակարգի արդիականացմանն ու արդյունավետությանն ուղղված համակողմանի բարեփոխումներ, ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալել մի շարք պետությունների հետ, դրանով իսկ նպաստելով Հայաստանի` որպես հուսալի գործընկերոջ, միջազգային վարկանիշի ու հեղինակության բարձրացմանը: Իհարկե, մեր հանրապետության գրեթե բոլոր ոլորտներում դեռևս շատ անելիքներ կան, քիչ չեն նաև բացթողումներն ու չլուծված հարցերը: Կոնկրետ մեզ վերաբերողը բանակի խնդիրներն են: Անկախության այս փառահեղ տոնի կապակցությամբ իմ շնորհավորական ուղերձում հարկ չհամարելով կոնկրետանալ ՀՀ զինված ուժերում դեռևս գոյություն ունեցող որոշ թերությունների ու բացթողումների վրա, կուզենայի անպայման նշել, որ մեր բոլոր զինծառայողները, բանակի համակարգում ընդգրկված քաղաքացիական անձինք, որպես անկախ Հայաստանի ձևավորված քաղաքացիներ, պետք է ունենան պետական մտածողություն, օժտված լինեն հայ¬րենիքին անսահման նվիրվածությամբ և պատրաստակամություն դրսևորեն հայրենի հողը պաշտպանելու, այդ վեհ գաղափարի, գործի համար անգամ կյանքը զոհաբերելու: Մեր բանակը պետք է ավելի քան օրինապահ լինի, ավելի կարգապահ ու բարոյական: Մեր ժողովուրդը ժամանակի հրամայականով ծնված իր սեփական բանակի նկատմամբ պետք է հպարտություն ունենա, զգա նրա ուժը, հզորությունը, անպարտելիությունը, վստահ լինի, որ ինքը պաշտպանված է հուսալիորեն: Ադրբեջանն օրեցօր սաստկացնում է ռազմատենչ հռետորաբանությունը: Բացառված չէ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը, որը լուրջ մարտահրավեր կլինի հայ ժողովրդի համար: Այդ պատերազմում մեր հաղթանակը այլընտրանք չպետք է ունենա: Ես համոզված եմ, որ եթե նորից մեզ պատերազմ պարտադրվի, ապա հայկական զինված ուժերը կրկին ցուցադրելու են մարտական դժվարագույն իրավիճակներում ամենաբարդ խնդիրները հաջողությամբ կատարելու ունակություն: Գաղտնիք չէ, որ թշնամին թե կենդանի ուժի, թե սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակով առավելություն ունի: Ոչ այդ առավելությունը, ոչ շփման գծում զինադադարի հաճախակի խախտումները, ոչ բացահայտ սադրիչ և ահաբեկչական գործողությունները մեզ բոլորովին չեն վախեցնում, որովհետև ի պատասխան այդ ամենի ստեղծել ենք բավարար հակակշիռներ, որոնք են. մեր բանակի մարտական բարձր պատրաստվածությունը, արդիական սպառազինությունը, անընկճելի ոգին, մարդկային որակները, ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս գործոնները մշտապես գտնվում են բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Եվ հենց դրանց շնորհիվ է, որ մենք օրեցօր ավելի ենք ուժեղանում, ավելի են ամրապնդվում մեր կողմից թշնամուն պարտադրված խաղաղության երաշխիքները: Ապավինելով մեր ուժին, մենք այսօր վստահաբար ասում ենք` մեր անկախությունը հուսալիորեն պաշտպանված է, այն անշրջելի է ու հարատև: Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում բարի ծառայություն, առողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն:
  • Поделиться