ՀՀ ՊՆ թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

27 Февраля, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության թիմը, մասնակցելով «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղը, որի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը՝ առավելության հասնելով ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ առողջապահության նախարարության թիմը: Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիմը նախորդ տարվա համեմատ լուրջ հաջողություն է արձանագրել` զբաղեցնելով երկրորդ տեղը: «Դա ուրախալի է, որովհետև հենց ՊՆ-ում պետք է ձևավորվի նոր ինտելեկտուալ զանգվածը և մեր հայրենասեր, հասարակությունն առաջ տանող էլիտան: Այսօր կարող ենք արձանագրել, որ ՊՆ-ն էապես հզորացնում է մեր բանակի ինտելկտուալ հատվածը: Համոզված եմ, որ դա ապագայում մեզ լրջագույն հաջողություն է ապահովելու»,- նշել է վարչապետը: «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը չորորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում: Մրցաշարին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:
  • Поделиться