Հայ խաղաղապահները մեկնել են Կոսովո

7 Июля, 2012 00:00
Հուլիսի 6-ին Կոսովո մեկնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպան Հեֆերնը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին իրենց ծառայության և նվիրումի համար` ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանն իր ելույթում ընդգծել է, որ կարճատև դադարից հետո կրկին Կոսովո վերադառնալու փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը կայուն ներդրում ունի միջազգային անվտանգության ապահովման գործում, իսկ հայ խաղաղապահների փայլուն ծառայությունը բարձրացնում է մեր պետության, մեր զինված ուժերի վարկն ու հեղինակությունը միջազգային ռազմական շրջանակներում: Հայ խաղաղապահները տեղակայվել են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում: 2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը Կոսովոյում ամերիկյան զորամիավորման կազմում: Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: Առաքելության իրականացման համար հայ խաղաղապահներն առաջին անգամ կկիրառեն թեթև զրահապատ տեխնիկա:
  • Поделиться