Երևանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների շտաբային բանակցությունները

28 Февраля, 2012 00:00
«ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի» համաձայն` 2012թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի, ղեկավարման կազմակերպման և զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ին Երևանում մեկնարկել են զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ Շտաբի ներկայացուցիչները: Բացելով խորհրդակցությունը և ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը պատվիրակությունների անդամներին է ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը: Շտաբային բանակցությունների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իր ելույթում պարոն Դ.Տոնոյանն ընդգծել է, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կհամաձայնեցվեն զորավարժությունների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակվել են միջազգային չափանիշների համաձայն և ենթադրում են բացառապես պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ և ռազմաքաղաքական կազմակերպությունների ու պետությունների անվանումներ: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով որոշվել է զորավարժությունների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների դիտորդների: Զորավարժությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով շտաբային բանակցություններին և պլանավորվող զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն իր հերթին վստահություն է հայտնել, որ շտաբային բանակցությունների այս փուլում կհամաձայնեցվեն հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերն ու կձևավորվեն միասնական տեսակետներ:
  • Поделиться