ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների հարազատներին

26 Декабря, 2011 00:00
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 25-ին Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի և Թալինի քաղաքապետերը:

Դիմելով զոհված ազատամարտիկների հարազատներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մենք Ամանորը տոնում ենք առանց մեր մարտական ընկերների: Չենք կարող մեր գործունեության համար հաշվետու չլինել մեր մարտական ընկերների ու նրանց հարազատների առջև, քանզի ազատամարտիկների շնորհիվ է, որ այսօր ունենք անկախ պետություն և կանոնավոր բանակ: Խորհրդանշական է, որ այս միջոցառումը անց է կացվում դպրոցում, քանզի այն յուրօրինակ հայրենասիրության դաս է մատաղ սերնդի համար: Հարկ եմ համարում նշել, որ հայկական բանակի համար ամենակարևոր գործոնը, որը կարող է հաղթանակ բերել, մնում է մարդը, զինվորականը՝ իր համապատասխան գիտելիքներով: Մարդը հայ ժողովրդի համար մշտապես կարևորագույն գործոն է եղել: Հայ մարդու երակներով հոսող արյունը հազարապատիկ անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ խողովակներով հոսող նավթային պաշարները»: Արագածոտնի մարզի 8 ազատամարտիկներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Իսկ Արագածոտնի մարզպետը զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացրել է դրամական օգնություն: Արագածոտն կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է նաև Աշտարակի վետերանների միություն, ծանոթացել փառքի սրահում ցուցադրվող գրավոր մասունքներին և գրառում կատարել հուշատետրում:
  • Поделиться