ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսից հատված

9 Февраля, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ընդհանուր գծերով ամփոփել է պաշտպանական գերատեսչության 2011 թվականի աշխատանքները և ներկայացրել 2012 թվականի գերակա խնդիրները:

Այնուհետև Սեյրան Օհանյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որից մի հատված ներկայացվում է ստորև: Ազատություն ռադիոկայան - Վերջերս բրիտանական Oxford Analytica վերլուծական կենտրոնը հրապարակմամբ հանդես եկավ` նշելով, որ պաշտպանության նախարարը բարեփոխումների կողմնակից է, սակայն Հայաստանի Զինված ուժերում կան պահպանողականներ, որոնք որ խոչընդոտում են նախարարի աշխատանքներին: Դա իրո՞ք այդպես է: Պատասխան – 2007թվականից պաշտպանական համակարգում մեկնարկած բարեփոխումները հետևողականորեն իրականացվում են: Բանակում չկա մի անձնավորություն, որ պաշտպանության նախարարի կողմից ներկայացրած, Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից հաստատված բարեփոխումների պլանը չկատարի: Այն ինչ գրված է այդ վերլուծության մեջ, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ա1+ լրատվական կայք - Պարոն նախարար, կարո՞ղ եք հրապարակել այն պաշտոնյաների թիվը, որոնք պատասխանատվության են ենթարկվել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում գրանցված պատահարների համար: Երկրորդ հարցը` Հայաստանի բոլոր ընտրություններից հետո խոսվում է Զինված ուժերի ռեսուրսն օգտագործելու մասին, ի՞նչ գործնական միջոցներ են ձեռնարկվում այս ընտրություններին նման դեպքերի չեզոքացման ուղղությամբ: Պատասխան - Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո քրեական գործընթացից բացի, հրամանատարների կողմից անց է կացվում համապատասխան հետաքննություն, որի արդյունքում գնահատական ենք տալիս, ընդ որում այդ գնահատականը կամ արագ է տրվում կամ սպասում ենք քրեական գործի արդյունքում ձեռք բերված տվյալներին: Եթե ընդհանրացնենք իմ պաշտոնավարման երեք ու կես տարիները, ապա ՀՀ ԶՈւ ղեկավար կազմից ազատվել է շուրջ 10 պաշտոնյա` վարչության պետի և զորամիավորման հրամանատարի մակարդակով, շուրջ 30 զորամասի հրամանատարներ են ազատվել պաշտոնից: Որքան արտակարգ պատահար կա, այդքան էլ ստորաբաժանման, այսինքն՝ վաշտի, մարտկոցի, գումարտակի, դիվիզիոնի հարամանատարներ պատասխանատվության են ենթարկվել: Ինչ վերաբերում է ձեր հաջորդ հարցին, ապա գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ընտրությունների կարող են մասնակցել այնքանով, որքանով որ անհատ քաղաքացիներ են և կարող են համակրել այս կամ այն կուսակցությանը: Ընդհանրացնելով ասեմ, որ Զինված ուժերը պետք է իրենց չեզոքությունը պահպանեն և մենք ձգտելու ենք առավելագույնս պահպանել այդ չեզոքությունը: Haynews.am լրատվական կայք - Ճի՞շտ է արդյոք, որ հակասություններ կան Ձեր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջև: Երկրորդ հարց` Վազգեն Սարգսյանի հարազատներին ձեր այցը քաղաքական շահարկման առիթ դարձավ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: Պատասխան - Կցանկանայի նշել հետևյալը` պաշտպանության նախարարի և նրա ենթակայության տակ գտնվող գլխավոր շտաբի պետի միջև որևիցե հակասություն չի եղել և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ասեմ, որ դա կատարվել է ՀՀ զինված ուժերի 20-ամյակի շրջանակներում` այցելելու, գնահատելու մեր Սպարապետի ունեցած ներդրումը բանակի կայացման գործընթցում, նրա բացառիկ դերը` որպես մեր մարտական ընկերոջ և հարգանքը նրա ծնողների, հարազատների նկատմամբ: Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չկա: Իմ կապը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ մշտական է: Ավանգարդ թերթ - Պարոն նախարար, ըստ պաշտոնական տվյալների՝ 2011-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը կրկնապատկվել եմ և այնպիսի տպավորություն կա, որ նրանք կրակում ենք, մենք պաշտպանվում ենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Պատասխան – Ընդհանուր առմամբ, երբ համեմատում ենք հակառակորդի կողմից կրակոցները և մեր կողմից պատասխանները, ապա կարելի է ասել, որ հարաբերությունը 10-ը 1-ի է: Ընդ որում, մեր կողմից պատասխանների կեսն է միայն, որ դիպուկահարների միջոցով է իրականացվում: Անկանոն կրակոցներին մենք չենք պատասխանում, միայն դիպուկահարների կրակոցներին ենք պատասխանում: Իրավունք թերթ - Ընդհանուր առմամբ քննադատում են մեր բանակը, սակայն երբ ուսումնասիրում ենք 100 հազար զինծառայողի կտրվածքով աշխարհի առաջատար երկրների զինված ուժերում ոչ խաղաղ պայմաններում մահվան ելքով գրանցված պատահարների քանակը, ապա Հայաստանը ոչնչով չի զիջում, ավելին՝ մեր բանակում մահացությունների թիվը ավելի քիչ են և մեր բանակն ավելի թափանցիկ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան – Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք: Մենք հրապարակային ենք հասարակության համար այնքան, որքան որ պահանջում է այն կարևոր ռեժիմը, որը վերահսկում է ինֆորմացիայի հոսքը: Գաղտնիության ռեժիմից ելնելով` մենք որոշում ենք` ինչը ներկայացնել հասարակությանը, ինչը՝ ոչ, որովհետև հասարակությանը ներկայացված տեղեկատվության մեծ մասը նաև անցնում է մեր հակառակորդին: Բայց ինչ վերաբերում է կորուստների վերաբերյալ իրազեկմանը, ապա հակառակը ես չեմ կարող պատկերացնել, որովհետև խոսքը գնում է մարդկային կյանքերի մասին: Panorama.am – Պարոն նախարար, Ադրբեջանի ռազմականացումը ոչ միայն մեր, այլև միջազգային վերլուծական կենտրոնների կողմից է հաստատվում: Oրերս Բոնի միջազգային փոխարկման կենտրոնի կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի ամենառազմականացված երկրների ցուցակում Ադրբեջանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Այդ ռազմականացումն արդյոք զգացնել չի՞ տալիս առաջին գծում: Մեր սպառազինությունը և մարտունակությունը արդյոք բավարա՞ր են հնարավոր ագրեսիայի դեպքում թշնամուն ջախջախելու համար: Պատասխան – Ադրբեջանի կողմից ռազմականացումն արտահայտվում է առաջինը ռազմական հռետորաբանությամբ, որի կարևոր կետը նրանց բյուջետային հիստերիան է, երկրորդը` սպառազինության մրցավազքը, երրորդը` փորձերը առաջին գծում սադրանքներ իրականացնելու համար: Նշեմ, որ նրանց սպառազինումն իրականացվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի խախտմամբ, և գերտերությունները դրան համապատասխան արձագանք պետք է տան: Սպառազինումը նաև բերում է նրան, որ ելնելով նրանց բանակի կարգապահությունից, որոշակի դեպքերում ինքնուրույն խախտումների է բերում: Ներկայումս ուժերի հավասարակշռությունն է, որ թույլ է տալիս 1994 թվականից առ այսօր պահպանելու առաջին գծում տիրող հարաբերական խաղաղությունը: Ես պետք է ընդգծեմ, որ շատ դեպքերում, երբ ասում են` խաղաղ պայմաններում ունենում ենք կորուստներ, այդ դեպքերի մեծ մասը առաջին գծում են տեղի ունենում, որտեղ ամենևին խաղաղ պայմաններ չեն: Մեր բանակի զգալի մասը կարելի է ասել կռվի մեջ է: Այսօր մեր բանակը ոչ թե քանակական ցուցանիշով, այլ մարտական ոգու, մեր գաղափարական պատրաստականության, մեր հրամանատարների ունեցած փորձի, առաջին գծում տիրող իրավիճակի և ինժեներական սարքավորումների անընդհատ կատարելագործման շնորհիվ կարողանում է պահպանել հրադադարի այս պայմանները, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե լինի ոտնձգություն Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ, ապա մենք ի վիճակի ենք պատվով կատարել մեր երկրի պաշտպանությունը:
  • Поделиться