Քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները

29 Мая, 2013 00:00
Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում:

Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ: Բացման խոսքում ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը և գործնականորեն կիրառել այն ոլորտի կայացման աշխատանքներում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ռազմական հոգեբանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումների շրջանակներում և շարունակական բնույթ է կրելու. «Այսօր ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ և հետևողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչև վերջ կարողանանք ձևավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել»,- նշել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ` հույս հայտնելով, որ դրանք շոշափելի արդյունքներ կտան: Գիտաժողովում ելույթ է ունեցել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշել է, որ բարոյական խնդիրները մեր հասարակության անբաժանելի մասնիկն են կազմում, իսկ նախազորակոչային և զորակոչային փուլում երիտասարդների մոտ հոգեբանական խնդիրները բազմաթիվ են: Արամ Սիմոնյանը նաև կարևորել է պաշտպանության նախարարության ջանքերը` զինված ուժերում ռազմական հոգեբանության խնդիրների լուծմանն ուղղված հարցերում գիտաուսումնական հաստատությունների հետ համագործակցելու ուղղությամբ:
  • Поделиться