Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ

12 Ноября, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար:

Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին նաև պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է, որն իրականացվում է զորակոչի շրջանակներում: Կարևորելով զորակոչը արդարության և օրինականության մթնոլորտում կազմակերպելը` պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գարնանային զորակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին և խիստ ցուցումներ տվել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել են թերացումներ ու բացթողումներ: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը: Խոսելով 2011թ. գարնանային զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին` Վ.Գրիգորյանը նշել է զորակոչի թե հաջողությունները և թե որոշակի բացթողումները: ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության կողմից ստուգումներ են կատարվել զինկոմիսարիատներում: Դրանց արդյունքները ներկայացրել է վարչության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը: Մանրակրկիտ ստուգվել են զինակոչիկների փաստաթղթերն ու անձնական գործերը, որոնց մեջ երբեմն առկա են եղել հակասություններ, օրինակ` եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորողներն էլ պատժվել են: Ազգային ժողովում իրականացված օրենսդրական փոփոխություններին է անդրադարձել ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ հանձնաժողովն ու պաշտպանության նախարարությունը ակտիվորեն համագործակցում են զորակոչը ավելի թափանցիկ ու արդար մթնոլորտում իրականացնելու հարցերում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն իր ելույթում անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաև հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Զինդատախազը առանձնահատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները: Նիստի ընթացքում զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր: Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով: Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական աշնանային զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով: Նախարարը զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար տվել է համապատասխան ցուցումներ: Գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
  • Поделиться