ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այցելել է Արցախի հերոս Վահագն Վարդևանյանի ընտանիք

27 Декабря, 2011 00:00
Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Վարդևանյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին այցելել է նրա ընտանիք:

Պաշտպանության փոխնախարարը Արցախի հերոսի ընտանիքի անդամների հետ զրուցել է Վահագն Վարդևանյանի անցած մարտական ուղու վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վահագն Վարդևանյանի երկու որդիները` Վահրամ և Արսեն Վարդևանյանները, ովքեր ծառայություն են անցնում ազգային բանակում: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նրանց մաղթել է բարի ծառայություն` վստահություն հայտնելով, որ երիտասարդները բարձր կպահեն իրենց հոր անունը: Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966թ. դեկտեմբերի 27-ին Երևանում: 1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1989-94թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի), Իջևանի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1994թ. ապրիլի 21-ի գիշերը նրա գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են գ. Կարմիրավանի (Մարտակերտի շրջ., ԼՂՀ) մատույցներում: Զգալով շրջապատման վտանգը նա և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա` ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը: Հակառակորդի մոտենալու պահին նա պայթեցրել է նռնակը, սպանել հակառակորդի 4 զինվորի, և զոհվել: ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993): Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Երևանի թիվ 173 դպրոցը կոչվել է նրա անունով, դպրոցում տեղադրվել է կիսանդրին, բացվել է փառքի սենյակ: Թաղված է Եռաբլուրում: Արցախի հերոս (8.05.2006): Հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:
  • Поделиться