ՈՒՂԵՐՁ

8 Мая, 2007 00:00
ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ`
ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի զինակիցներ, Երկրապահի օրվան նվիրված տոնական հանդիսությունները մասն են կազմում Ազգային բանակի կազմավորման 15-րդ տարեդարձից սկիզբ առած և առանձնակի շուքով ընթացող հոբելյանական տոնակատարությունների: Համաժողովրդական տոն, որի եզրափակիչ ակորդը կտրվի վաղը` Շուշիի ազատագրման պանծալի հաղթանակին նվիրված տոնախմբություններով: Մեծարանքի և գնահատանքի բոլոր խոսքերը, որոնք հոբելյանական տարում հնչել են մինչ օրս, կարելի է ուղղել ձեզ, սիրելի երկրապահներ: Այդ դուք էիք, որ երկիրը պաշտպանելու ներքին մղումով, կանգնեցիք կողք կողքի, եղաք և’ զինվոր, և’ հրամանատար, երդվեցիք վերադառնալ հաղթանակով և կռեցիք այդ հաղթանակը` Արցախյան ազատամարտի բոլոր ճակատներում: Ձեր շարքերից սկիզբ առան Ազգային բանակի նորաստեղծ ստորաբաժանումները ու հենց խրամատներում տասնութը նոր բոլորած նորակոչիկները ձեզնից առան սխրանքի ու հաղթելու դասերը: Հակառակորդը պարտվեց ձեր հավաքական ուժի զորությունից: Իսկ Շուշիի ազատագրումը առաջինն էր բաղձալի հաղթանակների շարքում: Շնորհավորում եմ Ձեզ երկրապահի տոնի, Բանակի կազմավորման և Շուշիի հաղթանակի 15-ամյակի առթիվ: Դուք դա վաստակել եք ձեր անմնացորդ նվիրումով, մեր զոհված ընկերների արյան գնով: Գուցե հայրենիքը դեռևս չի հասցրել արժանին մատուցել ձեզ, բայց, հավատացեք` ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի’ մոռացվել: Այս օրերին հարյուրավոր զինծառայողներ բնակարան են ստանում, իսկ 2003թ. արդեն մեկնարկել և փուլ առ փուլ շարունակվում է զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Ձեզանից շատերը պատվով ծառայում են Զինված ուժերում: Ազատամարտի բովով անցած սպայակազմի կողքին քիչ չեն այն երկրապահ կամավորականները, ովքեր վերջին տարիներին պայմանագրային զինծառայության են անցել և մարտական հերթապահություն են իրականացնում սահմանի որոշակի հատվածներում: Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում մեր շարքերը կրկին կհամալրեն երկիրը պաշտպանելու իրենց կոչմանը հավատարիմ երկրապահները: Անչափ կարևոր է այն իրողությունը, որ Երկրապահ կամավորականների միությունը հետևողականորեն զբաղվում է իր շարքերի համալրմամբ: Գալիս է մի հերթափոխ, որը հայրենասիրության դասեր է քաղում Երիտասարդ և Պատանի երկրապահների կառույցներում` քայլելով հայրերի և պապերի հետքերով: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Միությունում լուրջ մոտեցում կա ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման հարցում: Ձեզ, որ երկրի ուժն եք, մաղթում եմ անսպառ կորով` հանուն մեր պետության բարօրության: Կրկին շնորհավորելով ձեզ երկրապահի օրվա առթիվ, մեր ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն և երջանիկ կյանք: Փառք ազգային-ազատագրական պայքարում իրենց կյանքը զոհած հայորդիներին, փառք հայրենիքի պաշտպաններին: Փառք Ձեզ: Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
  • Поделиться