Միքայել Հարությունյանն ընդունեց Կանզաս նահանգի պետքարտուղար պարոն Ռոն Թորնբուրգի գլխավորած պատվիրակությանը
11 Мая, 2007 00:00Ս.թ. մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Կանզաս նահանգի պետքարտուղար պարոն Ռոն Թորնբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Կանզասի ազգային գվարդիայի շտաբի պետ-աշխատակազմի ղեկավար, գնդապետ Ջո Ուիլերը:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը խնդրեց իր ցավակցությունը փոխանցել Կանզասում աղետալի փոթորիկի հետևանքով զոհվածների հարազատներին, Կանզասի ազգային գվարդիայի գեներալ Թոդ Բանթինգին և նահանգապետ տիկին Քեթլին Սիբելիուսին:
Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, կողմերը փաստեցին, որ ընթացիկ տարում Կանզաս նահանգի հետ նախատեսված համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են, սակայն անելիքներ դեռ շատ կան` հատկապես խաղաղարար առաքելության, ռազմա-բժշկական և կրթական ոլորտներում:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ ՀՀ զինված ուժերում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ-ի զինված ուժերի, այդ թվում Կանզասի ազգային գվարդիայի աջակցությանը, ծանոթացրեց ներկայիս խաղաղապահ գումարտակի հենքի վրա ստեղծվող, բացառապես պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրվող խաղաղապահ բրիգադի կառուցվածքին:
Ռ. Թորնբուրգը շնորհակալություն հայտնեց միջազգային խաղաղարար առաքելություններում Հայաստանի մասնակցության համար` բարձր գնահատելով հայ խաղաղապահների կողմից ցուցաբերած պատրաստվածությունն ու պատասխանատվությունը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին, կողմերը ողջունեցին բազմիցս հնչեցրած այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Անդրադարձան նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հանդիպման վերջում գնդապետ Ջո Ուիլերը ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանին հանձնեց վերջինիս` հմուտ կառավարման և աջակցության համար Կանզասի ազգային գվարդիայի «Ակնառու ծառայության» մեդալով պարգևատրելու` գեներալ Թոդ Բանթինգի հրամանը և մեդալը: