Լիտվայում սկսվեցին «Սաթե հույս 2007» զորավարժությունները
20 Июня, 2007 00:00Ս.թ. հունիսի 18-ից Լիտվայի Կլայպեդա նավահանգստում սկսվեցին «Սաթե հույս-2007» զորավարժությունները: Սա արդեն այս շարքի թվով 8-րդ զորավարժությունն է 1997թ.-ից ի վեր, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակներում համագործակցող 11 պետություններ. Հայաստան, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Գերմանիա: Ռուսաստանը, Բելոռուսիան, Մոլդավիան և Ուկրաինան ներկայացված են որպես դիտորդներ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ՆԱՏՕ-ի` ճգնաժամային իրադրությունների դեպքում հնարավոր հարվածներին, ինչպես նաև տարբեր պետությունների միջև փոխգործողությունների մշակումը: Զորավարժությունը կարևորվում է նաև նրանով, որ առաջին անգամ կհամագործակցեն զորքերի բոլոր տեսակները. հետևակ, օդուժ և նավատորմ:
Զորավարժության մասնակիցները (ավելի քան 1800 մարդ) կբաժանվեն երեք բազմազգ գումարտակների, որոնց կգլխավորեն Լիտվայի, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Զորավարժությունները շարունակվելու են երկու շաբաթ և անցկացվելու են երկու փուլով. առաջին փուլում կմշակվեն գործողություններ խաղաղության պահպանման ուղղությամբ (տեղանքի հետախուզություն, հենակետեր, զինված խմբավորումների վնասազերծում և այլն), իսկ երկրորդ փուլում` հունիսի 25-ից 29-ը, կցուցադրվեն զորավարժության ընթացքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները:
Այս զորավարժություններին առավել շատ թվով մասնակիցներ են ներկայացրել Լիտվան (1200 մարդ), Ֆինլանդիան (շուրջ 300 մասնակից), Մեծ Բրիտանիան (165 մարդ), Լատվիան (120 մարդ) և Լեհաստանը (60 մարդ): Հայաստանի զինված ուժերը ներկայացնում են մայոր Մինաս Մկրտչյանը և կապիտան Ռուբեն Պապյանը:
Զորավարժությունները կավարտվեն ս.թ. հուլիսի 1-ին: