Միքայել Հարությունյանը մասնակցեց կլինիկական սենյակի բացման արարողությանը
29 Июня, 2007 00:00Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մասնակցեց Ֆրանսահայ բժիշկների միության միջոցներով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ատամնաբուժական բաժանմունքում արդի սարքավորումներով հագեցած կլինիկական սենյակի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև վերոնշյալ միության պատվիրակությունը:
Նախարարն ու հյուրերը նկատեցին, որ նոր սարքավորումները բազմագործառույթային են, նաև` հարմարավետ և, անշուշտ, հնարավորություն կընձեռեն առավել բարձր մակարդակով ատամնաբուժական ծառայություններ մատուցել զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:
Շնորհակալություն հայտնելով Ֆրանսահայ բժիշկների միությանը համագործակցության նման մեկնարկի համար, Միքայել Հարությունյանը հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի և կընդգրկի ռազմական բժշկության մյուս ոլորտները ևս:
Մոտ օրերս, Միության միջոցներով, Ֆրանսիայում վերապատրաստվելու կմեկնեն առաջին ատամնաբույժ-սպաները: Պատվիրակության անդամ Վիգեն Գեղամ Տեր-Սարգսյանը հավաստիացրեց, որ ֆրանսահայ բժիշկները կշարունակեն օժանդակել բանակին: