Լաչինի ազատագրման համար մղված մարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար Բերձորում
4 Июля, 2007 00:00Ս.թ. հուլիսի 1-ին Բերձորում տեղի ունեցավ Լաչինի միջանցքի համար մղված մարտերում զոհված «Հատուկ գնդի» մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը տեղադրվել է Արցախի հուշարձանային համալիրի տարածքում` «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախաձեռնությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,«Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանն իր խոսքում ասաց. «Դա նվազագույնն է, ինչ որ մենք` ողջ մնացածներս, կարող ենք անել մեր նահատակված ընկերների համար: Սա ոչ միայն խաչքար է, այլև դաս` մատաղ սերնդի համար: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Զոհվածների հարազատներին խոստանում ենք, որ մեր եղբայրների արյամբ ազատագրված մեր հայրենիքի և ոչ մի թիզ չենք տա թշնամուն»:
Միջոցառման ընթացքում Բերձորի մի շարք ազատամարտիկներ Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ «Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպության կողմից ստացան պատվոգրեր: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին հանձնվեցին թանկարժեք նվերներ:
Գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանի խոսքերով նման հուշարձաններ կանգնեցվելու են ողջ Արցախի տարածքում: