ՀՀ զինված ուժերը համալրվեցին ևս 30 բժիշկ-սպաներով

27 Июля, 2007 00:00
Ս.թ. հուլիսի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը:

Ողջունելով երիտասարդ սպաներին և հյուրերին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը խոսեց բժիշկ-սպաների ծառայության առանձնահատկությունների մասին, քանի որ նրանք ծառայության են անցնում հիմնականում առաջին գծում հերթապահություն իրականացնող զորամասերում: Նա ընդգծեց նաև այն փաստը, որ դժվար և պատասխանատու է բժիշկ-սպայի մասնագիտությունը, քանզի գործ ունենք մարդկային կյանքի հետ. «Ես ցանկանում եմ ձեզ անկոտրում կամք, համարձակություն ձեր գործում, լինեք բարեխիղճ և պատրաստակամ` հավատարիմ մնալով ձեր` Հիպոկրատի և զինվորի երդմանը»: Նա կոչ արեց երիտասարդ սպաներին չխուսափել դժվար ծառայությունից, ընդհակառակը, ձգտել հաղթահարել դժվարությունները, հրամանատարության առջև հանդես գալ խելամիտ առաջարկություններով` նպաստելով զինվորի առողջության պահպանմանը: Ս.Օհանյանը բարի ծառայություն մաղթեց երիտասարդներին: Գործընթացը շարունակվում է:
  • Поделиться