Մոսկվայում մեկնարկեց ՀԱՊԿ հերթական խորհրդակցությունը
21 Августа, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 21-ին Մոսկվայում մեկնարկեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների փոխնախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների տեղակալների մակարդակով անցկացվող խորհրդակցությունը, որին ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցում են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀԱՊԿ-ում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսեյ Անտոնյանը:
Խորհրդակցության ընթացքում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը նշել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմիններն արդեն ապահովել են մի շարք համաձայնագրերի կատարումը, մասնավորապես ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագիրը:
Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀԱՊԿ կազմում խաղաղապահ ուժեր ստեղծելու վերաբերյալ փաստաթղթերն արդեն պատրաստ են, որոնք կներկայացվեն և կքննարկվեն ս.թ. հոկտեմբերի 5-ից 6-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: ԱՊՀ անդամ-պետությունների նախագահների կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո միայն կսկսվեն ստորաբաժանման ստեղծման աշխատանքները: Ն.Բորդյուժան նշել է նաև, որ ստեղծվելիք խաղաղապահ ուժերը կարող են գործել ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ ՄԱԿ-ի շրջանակներում:
Խորհրդակցությանը կքննարկվեն նաև ՀԱՊԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ղեկավարներից կազմված հակաահաբեկչական կոմիտե, արտակարգ իրավիճակների և անօրինական ներգաղթի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարներից կազմված համակարգող խորհուրդներ ստեղծելու վերաբերյալ հարցերը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: