Ա.Նազարյանն ընդունեց ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի պատվիրակություններին
25 Сентября, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ – ի փոխգործակցության նորանշանակ սպա Զբիգնև Ռիբացկին:
Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ այն իրականացվում է համաձայն հաստատված ժամանակացույցի և հույս հայտնեցին, որ այդ աշխատանքները հետագայում ևս կկատարվեն բարձր տեմպով:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինության պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Արա Նազարյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության լիազորությունները, գործառույթներն ու դերը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ ՀՀ Ռազմական դոկտրինի նախագծում տեղ գտած համապատասխան դրույթները: Հյուրերի խնդրանքով պաշտպանության նախարարի տեղակալը ներկայացրեց նաև այդ բնագավառում ՀՀ գերատեսչությունների համագործակցության մեխանիզմները և, որպես փայլուն օրինակ, վկայակոչեց Հայաստանում 2006թ. անցկացված «Ատոմ- հակաահաբեկչություն - 2006» վարժանքը:
Հանդիպման վերջում հյուրերը նշեցին, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ժամանակին ու կանոնավոր զեկույցներ են ներկայացնում ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1373 բանաձևի պահանջներին համապատասխան: