Ավարտվեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի այցը Հայաստան
11 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 11-ին «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցավ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակության ճանապարհման հանդիսավոր արարոությունը:
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում երկու երկրների պաշտպանության նախարարները նշեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջեւ ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության 2008 թվականի պլանը հնարավորություն է տալիս երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ ընդլայնել հետագա փոխգործակցության ծավալները։ «Համատեղ եզրակացությունն այն է եղել, որ համագործակցության հնարավորություններն ավելի շատ են, քան արվել է մինչ այսօր»,–ասաց Թեոդոր Մելեշկանուն ՝ հավաստելով, որ ինքը «հատկապես բավարարված է այցի արդյունքներով»։
Նրա խոսքերով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ով, ըստ նրա, շատ լավ տեղյակ է հայ—ռումինական քաղաքական եւ ռազմական համագործակցության մասին, հստակ ազդանշան է ստացվել կառավարության կողմից երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ։ Թ. Մելեշկանուի գնահատմամբ, 2008 թվականի համագործակցության ծրագիրը կարելի է համարել նվազագույն, եւ այն կարող է ընդլայնվել, եթե գտնվեն համագործակցության այլ ուղղություններ։
Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքով՝ 2008 թվականի համագործակցության ծրագիրը շատ մեծ չէ, բայց այն եկող տարի կարելի է ամբողջությամբ կատարել։ Նա տեղեկացրեց, որ որոշում է ընդունվել Ռումինիայում եւ Հայաստանում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օգտակար հարցերը։ Իսկ դրանց վերաբերյալ որոշումներ կընդունվեն հետագա հանդիպումների ժամանակ։ Մ. Հարությունյանի փոխանցմամբ, գործընկերոջ գլխավորած պատվիրակության այցը շատ օգտակար է եղել ՀՀ ՊՆ եւ ԶՈւ—ի համար։ Ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները նորմալ իրավիճակում են, բայց դեռեւս աշխատելու տեղ կա՝ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Հանդիպումների ժամանակ քննարկվել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, Իրաքի կայունության թեման, Կոսովոյի խնդիրը։
Կողմերը գործնական քննարկումներ են ունեցել նաեւ ռազմական կրթության խնդրի վերաբերյալ։ Որոշվել է, որ ուսանելու համար հայ սպաներ կուղարկվեն Ռումինիայի ազգային ռազմական ակադեմիա։ Մինչեւ այսօր Ռումինիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաները չեն անցել երկարաժամկետ ուսուցում։ Մեր զինվորականներն այդ երկրի ռազմական հաստատություններում մասնակցել են տարբեր հավաքների ու զորավարժությունների։ Նախարարն իրազեկեց, որ ներկայում վարվում են բանակցություններ, եւ միգուցե 2008 կամ 2009 թվականին մեր սպաներն արդեն կսովորեն այդ երկրում, կծանոթանան նրանց մտածելակերպին ու աշխատաոճին, կուսումնասիրեն մարտավարությունը։
Պատասխանելով լրագրողի՝ ադրբեջանական ռազմական բյուջեի թեմայով պարբերաբար հոխորտանքների մասին հարցին՝ նա նշեց, որ ամեն երկիր մշակում է իր առաջնահերթությունները՝ ելնելով քաղաքական գերակայություններից ու ռեսուրսներից։ «Պաշտպանությունը կարեւոր հարց է, բայց ամեն բան չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Մեր տեսակետից՝ խնդիրները պետք է լուծել քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով։ Սա միանշանակ է ինչպես Ռումինիայի, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանի համար»,–նշեց նա։