ՌԴ պաշտպանության նախարարը այցելեց Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազան

30 Октября, 2007 00:00
Ս.թ. հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազան:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Անատոլի Սերդյուկովը հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազայի բարեկարգման ուղղությամբ։ «Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ բազայի և նրա զորանոցային ֆոնդի բարեկարգման ուղղությամբ», - ասաց Ա. Սերդյուկովը։ Նա նշեց, որ ցանկանում էր անձամբ ծանոթանալ ռուս զինվորների ապրելու պայմաններին։ «Ես ցանկանում էի անձամբ ծանոթանալ մեր զինվորներին և նրանց ընտանիքի անդամներին հուզող խնդիրներին», - ասաց ՌԴ պաշտպանության նախարարը։ Նա նաև տեղեկացրեց, որ գերատեսչությունը ծրագրում է վերականգնել բազայի տարածքում գտնվող 19-րդ դարի ուղղափառ եկեղեցին։ «Հավանական է, որ հովանավորների միջոցներով», - նշեց նախարարը։ Անատոլի Սերդյուկովը նաև այցելեց Գյումրիի մոտակայքում գտնվող ինժեներական ռազմամթերքի պահեստներ։ Նույն օրը Անատոլի Սերդյուկովը հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև երկկողմ բանակցություններ վարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։ «ՀՀ պաշտպանության նախարարի հետ մենք կամփոփենք ընթացիկ տարվա ռազմական համագործակցության երկկողմ ծրագրերի արդյունքները և կհամաձայնեցնենք 2008 թ.-ի ծրագրերը», - ասաց Ա. Սերդյուկովը։
  • Поделиться