Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և ԻԻՀ պաշտպանական գերատեսչությունների միջև
8 Ноября, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տանը ստորագրեցին երկու երկրների` պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակություններն ամբողջ կազմով: Հանդիպումից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի մասնակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն իր խոսքում նշեց, որ իր և Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի միջև տեղի ունեցած երկփուլային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ու հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ:
Գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը հավելեց, որ իրանական կողմը միակարծիք է տարածաշրջանում առկա հակամարտությունները բանակցությունների և երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում և հույս հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր երկրներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Նա նաև նշեց, որ միաժամանակ քայլեր են արվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹԿԱ» և ՀՀ պաշտպանության նախարարության «ԶԻՆԱՌ» ընկերությունների միջև սննդամթերքի և գույքային մատակարարումների բնագավառում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Մ.Հարությունյանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև վաղուց արդեն ձևավորված առևտրական հարաբերություններին, մասնավորապես սննդամթերքի բնագավառում` ըդգծելով Իրանից Հայաստան ներկրվող բուսական յուղը:
Վերադառնալով Իրանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցությանը, Մ.Հարությունյանը նշեց, որ կողմերի հետևողական քաղաքականությունն այս հարցում կամրապնդի դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը և հիմք կհանդիսանա նաև հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության: Վերջում, փաստելով Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության բարձր մակարդակը, պաշտպանության նախարարները փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և փոխադարձ այցելություններն ակտիվացնելու վճռականություն հայտնեցին: