Ստորագրվեց փաստաթուղթ` ՀՀ և ԼՀ պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մասին

12 Ноября, 2007 00:00
Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը և գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը, զինված ուժերի սպայակազմի այլ ներկայացուցիչներ:

Դիմավորման հանդիսավոր արարողությանը հաջորդեց երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկների պաշտպանության նախարարների առանձնազրույց, այնուհետև պաշտոնական հանդիպումը շարունակվեց պատվիրակությունների կազմով: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացմանը, նաև խթան կհանդիսանան ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար: Ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև երկուստեք համագործակցության կարևորությունը, կողմերը տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը ստորագրեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև 2008թ. ռազմական համագործակցության պլան: Հանդիպումից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն իր խոսքում նշեց, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ու հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցի վերաբերյալ: Վերադառնալով Լիտվայի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցությանը, Մ.Հարությունյանը նշեց, որ կողմերի հետևողական քաղաքականությունն այս հարցում հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու երկրների շահերի:
  • Поделиться