Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանին

30 Ноября, 2007 00:00
Ս.թ նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Իոանիս Կորինտիոսին:

Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց դեսպանին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Նորանշանակ դեսպանն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Նախարարը, իր հերթին, բարձր գնահատելով հունական կողմի` խաղաղարար գործունեությանը ցուցաբերած աջակցությունը, խոսեց առաջիկայում այս ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության ոլորտում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
  • Поделиться