ՀՀ վարչապետը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

10 Декабря, 2007 00:00
Ս.թ. դեկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որտեղ վարչապետը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դը Հուուպ Սխեֆերի հետ:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բավարարվածությամբ է նշել Հայաստանի եվ ՆԱՏՕ-ի միջև դրական ընթացք ստացած գործընկերության քաղաքականության զարգացման մասին և խնդրել ՀՀ վարչապետին` հայտնել իր տեսակետը այդ գործընկերության ապագայի վերաբերյալ: Վարչապետ Ս.Սարգսյանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բնորոշել է որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը, և ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը կատարելու է Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրով (ԱԳԳԾ) ստանձնած իր հանձնառությունները, ավելին` հաջորդ տարվա գարնանն ավարտվելու է Հայաստանի ԱԳԳԾ իրականացման երկամյա առաջին փուլը: Անդրադառնալով նախագահական ընտրություններին, վարչապետը նշել է, որ Հայաստանն առաջընթաց է ակնկալում նախկին ընտրությունների համեմատ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, վարչապետ Ս.Սարգսյանն ընդգծել է, որ չնայած ադրբեջանական կողմից շարունակվող պատերազմական հռետորիկային` հայկական կողմը հավատում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հնարավորությանը: Հանդիպման ընթացքում պրն. Սխեֆերը նշել է նաև, որ Հայաստանի` ԱԳԳԾ իրականացման երկամյա շրջանի առաջին փուլի գնահատման հաջորդ քայլը լինելու է 26+1 ձևաչափով հանդիպումը ՆԱՏՕ-ում, իսկ նախագահական ընտրություններից հետո անհրաժեշտ է նորից անդրադառնալ ՀՀ ԱԳԳԾ նորացված նպատակներին: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ԱԳԳԾ իրականացման գործում կարևորել է պաշտպանական համակարգի ռազմավարական վերանայումը, ՊՆ-ում քաղաքացիական տարրի ներդրումը, փոխգործունակ խաղաղարար ստորաբաժանումների զարգացումը. ոլորտ, որտեղ Հայաստանը ակտիվ գործողություններ է իրականացնում: Գլխավոր քարտուղարն իր և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների անունից գոհունակություն է հայտնել Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության համար` հատկապես ողջունելով Հայաստանի կողմից Կոսովոյում տեղակայված ուժերի քանակը կրկնապատկելու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի` Աֆղանստան բժիշկներ և թարգմանիչներ ուղարկելու մտադրությունը:
  • Поделиться