ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը այցելեց Երեւանի պետական համալսարան

24 Января, 2008 00:00
Ս.թ. հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախրարի առջին տեղակալ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` Ազգային բանակի 16-րդ տարեդարձի կապակցությանմբ հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ելույթի սկզբում Սեյրան Օհանյանը նշեց, որ հայկական բանակի համար առանձնահատկություն է համարում, որ այն կազմավորվեց պատերազամական շրջանում, եւ մեր ստորաբաժանումները եղել են չափազանց շարժուն: Շատ հաճախ են եղել վերակազմավորումները, տարբեր շրջանների ջոկատները միմյանց կարողացել են ժամանակին օգնության հասնել: ՙՄեր ամբողջ պայքարի ընթացքում մենք բոլոր մարտական գործողությունների ժամանակ, չնայած ջոկատները կամավորական էին, մոտ ենք եղել ռազմական գիտությանն ու արվեստին՚,-նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը` շեշտելով, որ շատ կարճ ժամանակում կարողացել ենք մարտունակ բանակ ունենալ մեր պետության, ժողովրդի եւ հրամանատարական կազմի ներուժի շնորհիվ: Նա նշեց, որ մեր զինված ուժերն սկսել են կազմավորվել դեռեւս 1988 թվականին` կամավորական, ֆիդայական շարժմամբ, իսկ 1992-94թթ. պարտադրված պատերազմի պայմաններում փոքր ստորաբաժանումները վերածվել են կանոնավոր միավորների, լայնամասշտաբ մարտական գործողություններից հետո 1994-98թթ. վերականգնվել են պատերազմի կորուստները: Խոսելով Շուշիի ազատագրման օպերացիայի մասին` գեներալ-գնդապետը ընդգծեց, որ օպերացիայի նախապատրաստման, մշակման ու իրականացման ժամանակ հայ մարտիկները շարժվել են կանոնադրությամբ` ցուցաբերելով անձնական նվիրումն ու ունակությունները: Նրա խոսքերով, Արցախյան ազատամարտի պատմությունը լիքն է հերոսական էջերով` կանանց ու 14-15 ամյա պատանիների կողքին մարտի դաշտ են դուրս եկել նաեւ մեծերը. 73-ամյա գեներալ Իվանյանը մարտի դաշտում վիրավորվել ու ապաքինվելուց հետո կրկին մասնակցել է կռվին: Նա հիշեց նաեւ, որ Արցախի Մաճկալաշեն գյուղում ապրող Ռայա մայրիկը պատերազմում երկրորդ որդուն կորցնելուց հետո պահանջել է հայ զինվորից չթողնել, որ ՙթուրքը տիրանա մեր հողին՚: Սեյրան Օհանյանի ներկայացմամբ, 1998-2000թ. կարելի է բնութագրել որպես բանակի որակական առաջընթացի տարիներ, 2001թ. նշանավորվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման գործընթացով: ՙԺամանակակից համազորային մարտին անհրաժեշտ երկու կարեւոր գործոնները` զինվորը եւ մարտական սպառազինությունն այս շրջանում բերվեցին այն վիճակի, որ կարողանանք լուծել մեր առջեւ դրված խնդիրները՚,- ասաց նա: 2002-06թթ. ապահովվեց այդ գործընթացի շարունակականությունը, իսկ արդեն 2007թ. սկիզբ է դրվել անվտանգության եւ պաշտպանության բարեփոխումներին: Մեր զինված ուժերն այսօր գտնվում են բարեփոխումների էտապում: Նախ, ստեղծվում է օրենսդրական դաշտը, արդեն ընդունվել է Ազգային անվտանգության ռազմավարությունը, շրջանառվում են Ռազմական դոկտրինն ու ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը: Բարեփոխումներն ընդգրկում են նաեւ կադրային քաղաքականության, ղեկավարման համակարգի կատարելագործման, մարտական պատրաստության բնագավառները: Գեներալ-գնդապետը գովասանքով նկատեց, որ մեր զինծառայողները եւ սպաներն իրենց լավագույնս դրսւերորում են բազմազգ դիվիզիաների կազմում ծառայություն իրականացնելիս, արտերկրի գործընկերների հետ զորավարժանքների մասնակցելիս եւ, ասենք, ռուսական ռազմական բուհերում տեղի ուսանողներին հավասար ու գուցե ավելի ունակություններ հանդես բերելով: Գլխավոր շտաբի պետն ուշագրավ է համարում, որ արդեն քանի տարի մենք կարողանում են առանց երրորդ ուժի օգնության պահպանել մեր խաղաղություն: ՙՉի եղել մի ժամանակ, որ առաջին գծում մենք չլինենք պարտադրողի դերում՚,- հայտարարեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը` չհերքելով թերություններն ու բացթողումները: Հմուտ ու կադրային զինվորականը քաջ գիտակցում է, որ եթե առաջին գծում նախաձեռնությունն անցնի հակառակորդին, ապա հոգեբանական թուլություն կունենանք նաեւ մշտական տեղակայման վայրերում եւ թիկունքում: Իսկ երբ բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են : ՙԵթե ուզում ես տվածդ հրամանն արագ կատարվի, ապա չպետք է կողքից նայես, այլ անմիջապես ինքդ պետք է լծվես դրա կատարմանը՚,- սեփական փորձից խորհուրդ է տալիս Սեյրան Օհանյանը: Նա շատ է կարեւորում ամբողջ հասարակության ռազմահայրենասիրական հայեցակարգի մշակումը: Չպետք է ստացվի այնպես, որ երեխան հայրենասիրական դաստիարակություն ստանա դպրոցում, բուհում, բայց հասարակության մեջ այլ օրինակներ տեսնի: Նրա կարծիքով, մատաղ սերնդին հնարավոր չէ ռազմահայրենասիարական դաստիարակություն տալ միայն ռազմագիտության դասերին, միայն զինղեկերի ջանքերով: ՙԱյդ գործին պետք է մասնակցություն ունենան բոլոր՚,-համոզված է նա: Անցած տարվանից մեր բանակում սկիզբ դրված` վիճակահանության միջոցով ռազմական բուհերի շրջանավարտների բաշխումը զորամասերում հնարավորություն տվեց վերացնել ծանոթ-բարեկամի միջոցով սպային հարմար զորամասում տեղավորելու միտումը: ՙԵրբ ժողովուրդը համոզվում է, որ ամենուր տիրում է հավասարությունը, հարմարվում է այդ ընդհանուր մթնոլորտին՚,-նշեց նա: Պատասխանելով իրեն ուղղված հարցին` հրամանատարը նկատեց, որ թե Արցախում, թե Հայաստանում կան լավ զորամասեր, եւ հրամանատարի դրած դիրքից է զորամասն ընկալվում լավ կամ վատ: Գլխավոր շտաբի պետը 2008թ. հայտարարել է անձնակազմի հաշվառման տարի, եւ բոլոր զորամասերում չնախատեսված ստուգումների արդյունքում փորձ կարվի բացահայտել իրավախախտներին: ՙՎտանգի պահին մենք միշտ միասնական ենք եւ կարողանում ենք հասնել հաղթանակների, բայց խաղաղ պայմանները ոչ լիարժեք ենք օգտագործում հետագա վտանգներին նախապատրաստվելու համար՚,- ասաց նա` վստահություն հայտնելով, որ այս խորհրդին հետեւելու պարագայում կկարողանանք հեշտությամբ վտանգները մեզանից վանել: Նա նաեւ կոչ արեց ուսանողներին լավ սովորել, բարեխիղճ մոտեցում ցուցաբերել իրենց գործին, քանի որ ստացած մասնագիտությամբ են կյանքում մեծ հարգանքի ու նյութական բարիքների հասում: ՙՈրքան շատ գիտես, այնքան շատ կարող ես՚,- եզրափակեց Սեյրան Օհանյանը: Հանդիպումն ավարտվեց փոխադարձ նվերներով` ԶՈւ գլխավոր շտաբի պետը համալսարանականներին նվիրեց ժամացույցներ ու իր հեղինակած ՙ21-րդ դարի բանակը՚ մենագրությունը եւ ստացավ գեղանկար ու պատկերազարդ մի գիրք:
  • Поделиться